ԳՊՀ-Ի ԵՎ ՀՀ ԳԱԱ ԱՐևԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ս. թ. նոյեմբերի 28-ին Գորիսի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կնքեցին համագործակցության հուշագիր` կարևորելով ՀՀ գիտության և կրթության ոլորտների միջև կապերի ամրապնդման, մասնագիտական կարողությունների արդյունավետ օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Հուշագրի նպատակը երկու հաստատությունների միջև կրթական, գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատումն է, համագործակցության ծրագրերի իրականացումը մի քանի հիմնական ուղղություններով (համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, սեմինարների, թեմատիկ քննարկումների, հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպում, գիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում, գիտահետազոտական պրակտիկայի կազմակերպում և ղեկավարում, գիտական և մեթոդական գրականության, մասնագիտական զարգացմանը նպաստող էլեկտրոնային աղբյուրների տրամադրում, գիտական աշխատությունների, ուսումնական նյութերի խմբագրում և մշակում, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացում):

Հուշագրի համաձայն` կողմերը կկազմակերպեն և կիրականացնեն մասնագիտական վերապատրաստումներ, ակադեմիական փոխանակում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ուսումնասիրություն, կանցկացնեն տարածաշրջանային անվտանգային արդի հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսություններ, վարպետության դասեր (այդ թվում՝ առցանց ձևաչափով), համատեղ կոնֆերանսներ, սեմինարներ, սիմպոզիումներ, կլոր սեղաններ, համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա կհրապարակեն հետազոտական, ուսումնական, մեթոդական նյութեր և այլն:

Facebook Comments