ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀՀ ԳԱԱ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Ս.թ. նոյեմբերի 14-15-ը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ «Բարբառագիտական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը՝ համագործակցությամբ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի և Գորիսի պետական համալսարանի։
Գիտաժողովում զեկուցումներով հանդես են եկել ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոսներ բ․գ․թ․, դոցենտ Մ․ Քումունցը և բ․գ․թ․, դոցենտ Լ․ Ներսիսյանը՝ «Իսկական բարդությունները Սյունիք–Արցախի բարբառային տարածքում» թեմայով։
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները (Մ․ Քումունցի ղեկավարությամբ և համահեղինակությամբ) ներկայացրել են հայրենի բարբառին վերաբերող հետևյալ թեմաները՝
Բակունց Ալլա, «Դարձվածքները Ա. Բակունցի «Կյորես» վիպակում (համեմատական քննություն)»,
Բաղդասարյան Մանանա, «Կապի հնչյունական, բառային և քերականական դրսևորումները Գորիսի բարբառում»,
Բաբայան Արինե, «Ածանցումը Գորիսի բարբառում»,
Մարգարյան Մարի, «Արևելյան լեզուներից անցած փոխառությունները Գորիսի բարբառում (ըստ Ս. Խանզադյանի «Մատյան եղելությանց» վիպակի)»։
«Բարբառագիտական ընթերցումներում» շեշտվեց բարբառների ուսումնասիրության գործնական կիրառումը մշակութային ինքնության պահպանման համատեքստում։ Ներկայացված զեկուցումները բացահայտեցին բարբառային միավորների լեզվաբանական շերտերի նշանակությունը՝ միևնույն ժամանակ մատնանշելով բացերն ու հետագա անելիքները, հետազոտական նյութերի կարիքները։
Միջազգային գիտաժողովը կարևոր քայլ էր ոչ միայն հայ բարբառագիտության, այլև նրան առնչվող այլ գիտակարգերի ուսումնասիրության համար։ Այն ոչ միայն ակադեմիական և բուհական գիտական աշխատանքների, քննարկումների, այլև միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել։ Գիտաժողովի ավարտին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ․ Կատվալյանը հաստատեց հայ բարբառագիտության դերը ազգային մշակույթի միջազգայնացման, հայկականության պահպանման և զարգացման գործում։