ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց կառավարման խորհրդի նիստ, որը վարում էր Սյունիքի մարզպետ, ԳՊՀ խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանը:
Նիստն անցկացվեց հիբրիդային ձևաչափով (առկա և առցանց):
Նիստի օրակարգում ԳՊՀ ռեկտորի՝ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2024-2025 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունն էր, «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2026 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:
ԳՊՀ–ի 2024–2025 ուստարվա գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը: Ըստ բուհի առանցքային գործառույթների՝ ռեկտորը մանրամասն ներկայացրեց համալսարանի տարեկան գործունեության արդյունքները կրթական, գիտական, միջազգային համագործակցության, արտաքին կապերի և լրատվության, որակի գնահատման և ապահովման, շարունակական կրթության և կարիերայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրադարանային աշխատանքի, ուսանողական կառույցների, ֆինանսատնտեսական ուղղություններով:
«Հաշվետու տարում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կառավարման մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության ամրապնդմանը, որակի ապահովման համակարգի շարունակական զարգացմանը, ուսումնական գործընթացի և կրթական միջավայրի բարելավմանը, մասնագիտական կողմնորոշման համակարգված աշխատանքի կազմակերպմանը, ընդունելության գործընթացի պատշաճ իրականացմանը, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը:Կրթության որակը դիտարկելով որպես գերակա արժեք՝ համալսարանը գործել է թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության և հասանելիության սկզբունքների պահպանմամբ՝ ապահովելով ներքին և արտաքին շահակիցների ակտիվ մասնակցությունը և ձևավորելով համագործակցային միջավայր»,- նշեց ռեկտորը։
Հարցերից հետո խորհրդի անդամները դրական գնահատեցին ԳՊՀ ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը:
Խորհրդի նիստում քննարկումներից հետո հաստատվեց «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2026 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի փոփոխված նախագիծը:
Նիստի ավարտին ԳՊՀ խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Գորիսի պետական համալսարանին՝ կրթության զարգացման գործում ներդրած ջանքերի և կատարած աշխատանքների համար:

