ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Ապրիլի 29-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը ռեկտորը շնորհավորեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտ.գ.թ. Սյուզաննա Պետրոսյանին՝ դոցենտի գիտական կոչման արժանանալու առթիվ (հաստատված ՀՀ ԲԿԳԿ֊ի 17.04.2026թ. որոշմամբ) և հանձնեց վկայականը։
Օրակարգային հարցերը վերաբերում էին Գորիսի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական նախնական զեկույցին և հետագա գործողություններին, ԳՊՀ-ի 2025–2029 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշտադիտարկման և գնահատման պլանը հաստատելուն, մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի (2,5 տարի ուսման տևողությամբ) 2026 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, բակալավրի (առկա, հեռակա) և մագիստրոսի (առկա, հեռակա) կրթական ծրագրերի 2026 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներին և ընթացիկ այլ հարցերին:
Օրակարգի առաջին հարցի շրջանակում ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը ներկայացրեց ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական նախնական զեկույցի վերաբերյալ տեղեկություն՝ նշելով, որ համալսարանը ստացել է զեկույցի նախնական տարբերակը, որում ամփոփված են փորձագիտական գնահատման արդյունքները, հաստատության ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև փորձագետների առաջարկություններն ու խորհրդատվությունները։ Նա հավելեց, որ բուհը առաջիկայում կմշակի ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում վերհանված թերությունների վերացման գործողությունների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը` ըստ սահմանված ձևաչափի։
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում Ս. Ալավերդյանը ներկայացրեց ԳՊՀ-ի 2025-2029 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշտադիտարկման և գնահատման պլանը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը սահմանում է ծրագրի իրականացման վերահսկման կազմակերպական և մեթոդաբանական շրջանակը, մշտադիտարկման նպատակները, սկզբունքները, գործընթացը, պատասխանատու ստորաբաժանումները, տվյալների աղբյուրներն ու գնահատման պարբերականությունը։ Քննարկումներից հետո գիտական խորհուրդը հաստատեց ԳՊՀ-ի 2025-2029 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշտադիտարկման և գնահատման պլանը:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակում ԳՊՀ ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գայանե Շաբունցը ներկայացրեց մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի (2,5 տարի ուսման տևողությամբ) 2026 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին տեղեկություններ:
Օրակարգի չորրորդ հարցի շրջանակում Ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը ներկայացրեց բակալավրի (առկա, հեռակա) և մագիստրոսի (առկա, հեռակա) կրթական ծրագրերի 2026 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ:
Անդրադարձ եղավ ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին հեռակա կրթաձևի վարձավճարների սահմանմանն ու երկակի մասնագիտությունների լիցենզավորմանը:







