ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ: Օրակարգային հարցերը վերաբերում էին ուսումնական պլանների հաստատմանը, դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին  մեկ դիմումի քննարկմանը և ընթացիկ այլ հարցերին:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում ՈՒԳԳԿ բաժնի վարիչ Գայանե Շաբունցը ներկայացրեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Էլեկտրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլաններում առաջարկվող փոփոխությունները, որոնք հաստատվեցին գիտական խորհրդի կողմից։

Օրակարգի երկրորդ հարցով քննարկվեց ասիստենտ Գայանե Հայրապետյանի դիմումը՝ դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին։ Ռեկտոր Տ. Վանդունցի առաջարկությամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով և հարցը տեղափոխվեց փակ գաղտնի քվեարկության: Փակ գաղտնի քվեարկությամբ (21 կողմ և 0 դեմ) դոցենտի գիտական կոչում շնորհվեց ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի ասիստենտ Գայանե Հայրապետյանին:

Անդրադարձ եղավ ընթացիկ հարցին. ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը  գիտխորհրդի անդամներին ներկայացրեց  ԳՊՀ շրջանավարտների կրթությունից գործատուների գոհունակության հարցման հարցաշարը: Քննարկումներից հետո գիտական խորհրդի անդամները հաստատեցին հարցաշարը:

Facebook Comments