ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը (ըստ կրթական ծրագրերի) ձևավորելու և ԲԿԳԿ ներկայացնելուն, ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի 2024-2025 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությանը և ընթացիկ այլ հարցերին:
Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում հաստատվեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ներկայացվելիք՝ ԳՊՀ 2026-2027 ուստարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության նախնական տեղերի հայտը՝ ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի (հայտը ձևավորելիս հիմք ընդունվեցին վերջին տարիների տարբեր վերլուծական ցուցանիշներ):
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց բաժնի՝ 2024-2025 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ըստ հիմնական ուղղությունների: Քննարկումների արդյունքում ի գիտություն ընդունվեց և դրական գնահատվեց բաժնի՝ 2024-2025 ուստարվա աշխատանքային գործունեության հաշվետվությունը:
Գիտխորհուրդը քննարկեց նաև ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին գիտական խորհրդի կազմում և առընթեր գործող հանձնաժողովներում մասնակի փոփոխություններ կատարելուն, «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և ատեստավորման նախագիծը հաստատելուն: Որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց կարգի նպատակներն ու խնդիրները, հիմնական ուղղությունները, վերապատրաստման և ատեստավորման ծրագրի բաղադրիչները և կարգի գործարկման մասին այլ տեղեկություններ: Քննարկումներից հետո գիտխորհուրդը հաստատեց «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և ատեստավորման կարգը:












