ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման, գրադարանի ստորաբաժանումների՝ 2024-2025 ուստարվա գործունեության հաշվետվություններին, դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին երկու դիմումների քննարկմանը և ընթացիկ այլ հարցերին:
Օրակարգի առաջին հարցի շրջանակում ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Ա. Դինունցը ներկայացրեց բաժնի՝ 2024-2025 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ըստ հիմնական ուղղությունների:
Երկրորդ հարցի շրջանակում գրադարանի 2024-2025 ուստարվա գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ գրադարանի վարիչ Ն. Շալունցը, ներկայացրեց գրադարանի արդի վիճակը, ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, առկա խնդիրները:
Քննարկման արդյունքում ի գիտություն ընդունվեցին ստորաբաժանումների՝ 2024-2025 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունները:
Օրակարգի երրորդ հարցով քննարկվեց տնտ.գ.թ. Շահանե Բաղդասարյանի և տնտ.գ.թ. Ռոբերտ Մակարյանի դիմումները՝ դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին։ Ռեկտոր Տ. Վանդունցի առաջարկությամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով և հարցը տեղափոխվեց փակ գաղտնի քվեարկության:Փակ գաղտնի քվեարկությամբ (19 կողմ և 0 դեմ) դոցենտի գիտական կոչում շնորհվեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, տնտ.գ.թ. Շահանե Բաղդասարյանին և նույն ամբիոնի դասախոս, տնտ.գ.թ. Ռոբերտ Մակարյանին:
Գիտխորհուրդը քննարկեց նաև ընթացիկ հարց, որը վերաբերում էր Գորիսի պետական համալսարանում ակադեմիական ժամի տևողության փոփոխությանը: Քննարկումներից հետո գիտխորհրդի անդամները հավանություն տվեցին Գորիսի պետական համալսարանում ակադեմիական ժամի տևողությունը 30 րոպե սահմանելու առաջարկին և, ըստ այդմ, հաստատեցին 1-ին և 2-րդ հերթերի դասաժամերի նոր ժամանակացույցը:










