ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նիստի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ բակալավրի (առկա և հեռակա) և մագիստրոսի (առկա) կրթական ծրագրերով 2024-2025 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեսատավորման արդյունքներին, ԳՊՀ ուսումնական բեռնվածքների հաշվարկման քանակական և ժամային նորմերին, տպագրության երաշխավորմանը, ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընտրությանը վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում դեկանները ներկայացրին բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման 2024-2025 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեսատավորման արդյունքների մասին տեղեկություններ:

Երկրորդ հարցի շրջանակում պրոռեկտոր Զ. Գրիգորյանը ներկայացրեց ԳՊՀ-ում ուսումնական բեռնվածքների քանակական և ժամային նորմերում առաջարկվող փոփոխությունները, որոնք հաստատվեցին գիտական խորհրդի կողմից։

Գիտական խորհուրդը քննարկեց նաև տպագրության երաշխավորման հարց. տպագրության երաշխավորվեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, տ.գ.թ.  Շ. Բաղդասարյանի, նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Ռ.  Մակարյանի և ՀՊՏՀ դասախոս, տ.գ.թ., դոցենտ Ա. Բաղդասարյանի «Ֆինանսներ» առարկայից ինքնուրույն աշխատանքների կատարման համար մեթոդական ցուցումներ աշխատանքը` հաշվի առնելով աշխատանքի վերաբերյալ ստացված դրական կարծիքները:

Չորրորդ հարցի շրջանակում գիտական խորհրդի անդամները քննարկեցին ԳՊՀ բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի խորհրդի՝ ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների տեղակալման ընտրության արդյունքներով կայացրած որոշումները: Ռեկտոր Տ. Վանդունցը նշեց, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ ֆակուլտետի խորհրդի ընդունած որոշումները հաստատվում են գիտական խորհրդում, ուստի առաջարկեց ձևավորել հաշվիչ հանձնաժողով և հարցը տեղափոխել փակ գաղտնի քվեարկության:

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքներով՝ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ ընտրվեց նույն ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ. Սյուզաննա Պետրոսյանը (21 կողմ և 0 դեմ), Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ՝ նույն ամբիոնի վարիչի ժ/պ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշ Դավթյանը (21 կողմ և 0 դեմ), Կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի վարիչ՝ նույն ամբիոնի վարիչի ժ/պ, ք.գ.դ., դոցենտ Լուիզա Վարդանյանը (21 կողմ և 0 դեմ):

Անդրադարձ եղավ ընթացիկ հարցերին. գիտխորհուրդը հաստատեց «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի վարձաչափը և ԳՊՀ ուսանողական նպաստների և պետական կրթաթոշակի հատկացման կանոնակարգում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:

Facebook Comments