ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նախքան օրակարգային հարցերին  անցնելը ռեկտորը շնորհավորեց  ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Թամարա Անդրեասյանին՝  դոցենտի գիտական կոչման արժանանալու առթիվ (հաստատված ՀՀ ԲԳԿԳ֊ի 20.11.2024 թ. որոշմամբ) և հանձնեց վկայականը։

Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ բնագիտական և ինժեներատնտեսագիտական և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվություններին, ՈւԳԸ նախագահի թեկնածության հաստատման,  տպագրության երաշխավորման և ընթացիկ այլ հարցերի:

Լ. Աթաբեկյանը և Ս. Հայրապետյանը ներկայացրին ֆակուլտետների՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային գործունեության ամփոփ հաշվետվությունները, որոնք համապատասխան ընթացակարգով քննարկվել էին ֆակուլտետների խորհուրդներում: Ի գիտություն ընդունվեցին և դրական գնահատվեցին ֆակուլտետների՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային գործունեության հաշվետվությունները:

ՈՒԳԸ նախագահի թեկնածության հաստատման հարցի շրջանակում ռեկտոր Տ. Վանդունցը առաջարկեց «Պատմություն» մասնագիտության 3–րդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցի թեկնածությունը, ով նաև «Լավագույն ուսանող–2024» հանրապետական մրցույթի հաղթողներից է: Գիտական խորհուրդը միաձայն որոշեց ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ նշանակել Մ. Արջունցին։

Գիտական խորհուրդը քննարկեց նաև տպագրության երաշխավորման հարց. տպագրության երաշխավորվեց ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս Գայանե Հայրապետյանի «Դեռահասության տարիքի հոգեբանության արդի  միտումները» մենագրությունը՝ հաշվի առնելով աշխատության վերաբերյալ ստացված դրական կարծիքները:

Անդրադարձ եղավ ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին կրթական ծրագրերի մասնագրերին և կանոնակարգային հարցերին:Գիտխորհրդի որոշմամբ հաստատվեցին բուհի որոշ մասնագիտական կրթական ծրագրերի լրամշակված մասնագրերը, ինչպես նաև նոր մշակված ընթացակարգեր։

Facebook Comments