ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ «ՍՅՈՒՆԻՔԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԽՈՐԱԳՐՈՎ
Հունիսի 29-30-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ևՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սյունիքը՝ կրթական և գիտական մտքի խաչմերուկ» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովը։
Ուսանողական գիտաժողովի նպատակն էր ստեղծել արդյունավետ հարթակ ուսանողների գիտական, կրթական և ստեղծարար ներուժի բացահայտման ու զարգացման համար, խթանել միջբուհական համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Գիտաժողովն իրականացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթում Գորիսի պետական համալսարանի երկու ուսանողական կառույցների՝ ՈՒԽ-ի և ՈւԳԸ-ի ներկայացրած և հաղթող ճանաչված դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ՈւԳԸ նախագահ Մանե Արջունցը, Ուսանողական խորհրդի նախագահ Գարիկ Դալլաքյանը, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանը:
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց «Սյունիքը՝ կրթական և գիտական մտքի խաչմերուկ» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովին մասնակցելու համար։ Նա ընդգծեց, որ համալսարանը հյուրընկալում է Հայաստանի տարբեր բուհերից ժամանած երիտասարդ հետազոտողների, ապագա մասնագետների և գիտությամբ հետաքրքրված ուսանողների, որոնք համախմբվել են ոչ միայն ներկայացնելու իրենց գիտական աշխատանքները, այլև գաղափարներ փոխանակելու, համագործակցության նոր ուղիներ ձևավորելու և գիտելիքի ու ստեղծարարության զարգացման նոր միջավայր ստեղծելու նպատակով։
Անդրադառնալով գիտաժողովի խորագրին՝ Տիգրան Վանդունցը նշեց, որ այն պատահական չէ ընտրված. Սյունիքը դարեր շարունակ եղել է պատմական, մշակութային և գիտակրթական կարևոր կենտրոն, և այսօր էլ համալսարանը ձգտում է շարունակել այդ ավանդույթները՝ մարզը դարձնելով գիտական մտքի, կրթական նախաձեռնությունների և երիտասարդական համագործակցության ակտիվ հարթակ։
Դիմելով ուսանողներին՝ ռեկտորը նշեց, որ գիտաժողովի գլխավոր արժեքը հենց երիտասարդներն են՝ իրենց հետազոտություններով, գաղափարներով և նախաձեռնություններով: Նա վստահություն հայտնեց, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվող զեկուցումները, մասնագիտական քննարկումներն ու շփումները կդառնան նոր գիտական ձեռքբերումների և արդյունավետ համագործակցությունների սկիզբ։
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց նաև ԳՊՀ խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և մարզպետի աշխատակազմին՝ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ կրթության, գիտության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում նման համագործակցությունը նպաստում է իրական և երկարաժամկետ արդյունքների ձևավորմանը։
Եզրափակելով խոսքը՝ Տիգրան Վանդունցը մասնակիցներին մաղթեց արդյունավետ, բովանդակալից և հիշարժան օրեր՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա գիտական նոր ձեռքբերումների, բարեկամության և հետագա հաջող համագործակցությունների մեկնարկ։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ողջույնի խոսքում դիմեց երիտասարդներին՝ ընդգծելով, որ հենց նրանք են կերտելու երկրի ապագան։ Նա կոչ արեց լինել պատասխանատու, սթափ գնահատել իրականությունը, արժևորել առկա իրողություններն ու իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանը։
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանը համապարփակ ձևով ներկայացրեց Սյունիքի գիտակրթական միջավայրի կայացման ուղին և դրանում ԳՊՀ֊ի դերը։
Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 50 ուսանողներ Հայաստանի Հանրապետության 8 համալսարաններից՝ Գորիսի պետական համալսարանից, Շիրակի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, Գավառի պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայկական պետական մանկավարժական համալսարանից։
Հոդվածները ներկայացվեցին հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ Պատմություն, Իրավագիտություն, Լեզվաբանություն, Գրականագիտություն, Մանկավարժություն, Հոգեբանություն, Տնտեսագիտություն, Կենսաբանություն, Քիմիա։
Մասնախմբերի աշխատանքների ավարտից հետո տեղի ունեցավ գիտաժողովի փակման արարողությունը, որի ընթացքում մասնախմբերի համանախագահները ամփոփեցին քննարկումների արդյունքները:
Շնորհակալության խոսքով հանդես եկավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Արամ Խաչատրյանը։ Նա նշեց, որ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են երիտասարդ հետազոտողների համար՝ փորձի փոխանակման, գիտական համագործակցության և նոր գաղափարների ձևավորման տեսանկյունից։ Նա նաև ընդգծեց, որ երիտասարդ հետազոտողները պատրաստ են իրենց գիտելիքներով և ներուժով նպաստել ինչպես Գորիսի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գիտակրթական կյանքի զարգացմանը։
Գիտաժողովի ավարտին բոլոր զեկուցողներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ:
Գիտաժողովի ընթացքում զեկուցված և գրախոսման արդյունքում տպագրության երաշխավորված հոդվածները կհրատարակվեն ուսանողական գիտաժողովի նյութերի ժողովածուում։
Գիտաժողովի հանդիսավոր փակումից հետո մասնակիցների համար կազմակերպվեց ճանաչողական այց դեպի Հին Գորիս և Խնձորեսկի ճոճվող կամուրջ: Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան Սյունիքի բնաշխարհին, տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությանը: Գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան ԳՊՀ ՈՒԳԸ-ի և ՈւԽ-ի անդամները։















































