ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԸ
Ս. թ. հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Գորիսի պետական համալսարանում իրականացվել են ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստումներ՝ միտված անձնակազմի մասնագիտական հմտությունների արդիականացմանը, շարունակական մասնագիտական զարգացման ապահովմանը: Վերապատրաստումներն իրականացվել են համակցված (առկա և հեռավար) ձևաչափով՝ 120 ժամ ծանրաբեռնվածությամբ՝ ներառելով երեք հիմնական ուղղություն՝ «Իրավագիտական պատրաստվածություն», «Թվային գրագիտություն», «Օտար լեզվով հաղորդակցություն (անգլերեն)»:
«Իրավագիտական պատրաստվածություն» (վերապատրաստող՝ Արկադի Հովհաննիսյան, ԳՊՀ ռեկտորի խորհրդական, փաստաբան, «ԳԱՀ ՓԱՐԹՆԵՐՍ» ընկերության գլխավոր իրավախորհրդատու) բաղադրիչի շրջանակում մասնակիցները կատարելագործել են գործնական իրավական հմտությունները, ծանոթացել համալսարանական միջավայրում կիրառվող իրավական կարգավորումների առանձնահատկություններին և ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ՝ իրավական հարցերը ճիշտ ընկալելու և գործնականում կիրառելու համար։
«Թվային գրագիտություն» (վերապատրաստող՝ Արփինե Դինունց, ֆ.մ.գ.թ., դոցենտ) բաղադրիչի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել ժամանակակից թվային գործիքների ու տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման գործնական հմտություններ՝ հնարավորություն ստանալով բարելավել առօրյա աշխատանքային գործունեությունը։
«Օտար լեզվով հաղորդակցություն (անգլերեն)» (վերապատրաստող՝ Նաիրա Մեժլումյան, Օտար լեզուների ամբիոնի դասախոս) վերապատրաստման երրորդ բաղադրիչի շրջանակում բարելավվել են մասնակիցների՝ օտար լեզվով հաղորդակցվելու հմտությունները՝ մեծացնելով մասնագիտական գործունեության շրջանակներում միջազգային փոխանակություններին և համագործակցություններին մասնակցելու հնարավորությունները:
Վերապատրաստումներից հետո կիրականացվի ատեստավորում և ատեստավորումն անցած աշխատողներին կտրվի հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական՝ հինգ տարի ժամկետով:









