ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսանողներ,
Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Մենք մշտապես կարևորում ենք ձեզ ու հպարտանում ձեզանով՝ որպես մեր հայրենիքի ապագայի հենասյուն, ազգային արժեքների կրող ու ավանդույթների շարունակող՝ հաճախ շրջանցելով այն փաստը, որ դուք՝ ուսանողներդ, ոչ միայն մեր գալիքն եք, այլ նաև՝ ներկան։ Հենց երիտասարդների անմիջական մասնակցությամբ են աշխարհում ամեն օր իրականացվում փոքր և մեծ (շրջադարձային) նախաձեռնություններ ու ծրագրեր, ուսանողների արդյունավետ կրթությամբ և նորարարական մտածողությամբ են պայմանավորված ողջ մարդկության առօրյա բարեկեցությունն ու առաջընթացը։ Անգնահատելի է ուսանողների դերը մեր երկրի քաղաքացիական հասարակության ձևավորման, իրավական պետության կայացման, ժողովրդի անվտանգության ապահովման, ազգային և համամարդկային արժեքների ճշմարիտ ներկայացման օրախնդիր գործընթացներում։
Սիրելի՛ համալսարանականներ, եթե նախորդ տարիներին կրթական, գիտական և մյուս ոլորտներում դուք երբեմն դրսևորում էիք պասիվություն և անտարբերություն, ապա այսօր ձեր անելիքները հստակեցված են, տեսանելի է ուսանողական և երիտասարդական կառույցներում ձեր ակտիվ մասնակցությունը, դուք մշտապես հանդես եք գալիս տարբեր միջոցառումներով՝ մեծ ներդրում ունենալով բուհի արդյունավոր ու կառուցողական աշխատանքներում։
Կրկին շնորհավորում եմ, թող երիտասարդական ավյունն ու նորի ձգտումը ձեր մեջ ձևավորեն ազնիվ և հաստատակամ քաղաքացու բնավորություն։ Մաղթում եմ ձեզ առողջություն, բարօրություն, կրթական ու գիտական նորանոր բարձունքների հաղթահարում։