ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ

Սեպտեմբերի 25-ին  ԳՊՀ-ում  տեղի ունեցավ ուսանողական խորհրդի նիստ, որի օրակարգում ՈՒԽ նախագահի ընտրության հարցն էր:

Նիստի անդամները ԳՊՀ երկու ֆակուլտետներից առաջադրեցին թեկնածուներ` Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Դալլաքյանին, Բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Առուստամյանին և Բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանին:

Թեկնածուները նախքան քվեարկությունը ներկայացրին ՈՒԽ-ի գործունեության զարգացման իրենց տեսլականները, ինչպես նաև անդրադարձան ուսանողական ակտիվ առօրյայի կազմակերպման, բուհի կառավարման գործընթացներում ուսանողների մասնակցության և այլ բուհերի ուսանողական կառույցների հետ համագործակցային կապերի ձևավորման ու խթանման հարցերին:

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքներով՝ ԳՊՀ-ի ՈՒԽ նախագահ ընտրվեց Գարիկ Դալլաքյանը՝ 14 կողմ ձայնով, փոխնախագահ` Ռուզաննա Նավասարդյանը, քարտուղար՝ Աստղիկ Առուստամյանը:

Նիստի ավարտին ՈՒԽ նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց ուսանողներին ցուցաբերած վստահության համար` խոստանալով իր կարողությունները ներդնել կառույցի հետագա ձեքբերումների և հաջողությունների համար: Նա նաև նշեց, որ առաջիկայում ՈՒԽ-ն կանցնի համալսարանում ուսանողական կյանքը կազմակերպելու բնականոն աշխատանքին` իրականացնելով սահմանված լիազորությունները:

Շնորհավորում ենք Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող Գարիկ Դալլաքյանին, մաղթում արդյունավետ աշխատանք, ձեռքբերումներ, ուսանողական կյանքի բարելավմանը միտված նոր ծրագրերի հաջող մեկնարկ:

_________________________________________________________

Գարիկ Դալլաքյանը ծնվել է 2003 թվականի մայիսի 4-ին Գորիս քաղաքում։ 2021 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագիրը։ 2021-2023 թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն, այդ ընթացքում մասնակցել նաև մարտական գործողությունների։ Այժմ շարունակում է ուսումնառությունը նույն կրթական ծրագրի 3-րդ կուրսում: Մասնակցել է տարբեր ծրագրերի և վերապատրաստումների, այդ թվում՝ «Երիտասարդության ուժը երիտասարդական քաղաքականության մեջ» ամառային դպրոցին, «Լավագույն երիտասարդական գաղափար» դրամաշնորհային մրցույթին, Erasmus+ CompIIT ծրագրի շրջանակներում անցկացված միջմշակութային նախագծերի կառավարման ամառային դպրոցին։ 2025 թվականին Իսպանիայում մասնակցել է Erasmus+ «Urbanticipation: Sustainable Ways of Living in the City from the Human Rights Perspective» ծրագրին, ինչպես նաև Եվրոպայի երիտասարդական կենտրոնում (Ֆրանսիա, Ստրասբուրգ) կայացած Youth Peace Camp 2025 ծրագրին։ Ներգրավված է եղել սոցիալական և կամավորական գործունեության մեջ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ մի խումբ կամավորների հետ իրականացրել է թիկունքային աջակցություն՝ կազմակերպելով տարբեր նախաձեռնություններ։ 2023 թվականին, Արցախի հայերի բռնի տեղահանման օրերին, ակտիվորեն մասնակցել է Գորիսում կազմակերպված աջակցության աշխատանքներին։

 

Facebook Comments