ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ՝ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՇԱԲԱԹԻՆ

Ս.թ. մայիսի 11-15-ը Իսպանիայի Սևիլիայի համալսարանում անցկացվել է բուհերի միջազգային բաժինների աշխատակիցների վերապատրաստման շաբաթը (International Staff Training Week), որին մասնակցել են տարբեր երկրների բուհերի ներկայացուցիչներ։

ԳՊՀ-ից վերապատրաստմանը մասնակցել է արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը։

Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու համալսարանի միջազգայնացման ռազմավարությանը, ակադեմիական շարժունության ծրագրերին, միջազգային նախագծերի կառավարման փորձին, ինչպես նաև համալսարանի կրթական և վարչական կառույցների գործունեությանը։

Աշխատանքային շաբաթվա ընթացքում ներկայացվել են համալսարանի միջազգային համագործակցության ուղղությունները, շարժունության ծրագրերը և UlysseUS եվրոպական համալսարանական դաշինքի գործունեությունը։ Քննարկվել են նաև միջազգային նախագծերի մշակման և կառավարման, հետբուհական կրթության, դոկտորական ծրագրերի և զարգացման համագործակցության հնարավորությունները։

Ծրագրի հաջորդ օրերին անցկացվել են միջազգային շարժունության և միջազգային նախագծերի թեմաներով կլոր սեղան-քննարկումներ, համալսարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպումներ, ինչպես նաև այցեր համալսարանի պատմական արխիվ, հետազոտությունների և ձեռներեցության կենտրոններ։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելելու համալսարանի տարբեր մասնաշենքեր և ծանոթանալու կրթական միջավայրին, վարչական ծառայությունների աշխատանքին ու ուսանողական աջակցման համակարգերին։

Միջազգային վերապատրաստման շաբաթը կարևոր հարթակ էր փորձի փոխանակման, նոր համագործակցությունների հաստատման և բուհերի միջև միջազգային կապերի ամրապնդման համար։

Facebook Comments