ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գորիսի պետական համալսարանին է հանձնել պետական հավատարմագրման վկայականը, համաձայն որի՝ համալսարանին շնորհվել է պայմանով ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ չորս տարի ժամկետով։

ԳՊՀ-ի համար սա ինստիտուցիոնալ հավատարմագրման երրորդ փորձն էր, որի արդյունքներն արձանագրում են համալսարանի գործունեության որակական առաջընթացը։ Համեմատությունը խոսուն է․ 2018 թվականին տասը չափանիշներից դրական էր գնահատվել վեցը, 2021 թվականին՝ յոթը, իսկ այս անգամ դրական գնահատականի է արժանացել ինը չափանիշ։ Այս արդյունքն առավել կարևոր է այն իմաստով, որ, ի թիվս այլ չափանիշների, դրական են գնահատվել նաև «Հետազոտություն և զարգացում», «Արտաքին կապեր և միջազգայնացում» և «Որակի ներքին ապահովման համակարգ» ուղղությունները, որոնք նախորդ երկու հավատարմագրումների ընթացքում բացասական գնահատական էին ստացել։ Ավելին՝ փորձագիտական զեկույցում նախկինում որպես թույլ կողմեր մատնանշված մի շարք կետեր այս անգամ ներկայացված են որպես համալսարանի ուժեղ կողմեր։

«Մասնագիտական կրթական ծրագրեր» չափանիշի մասով ևս փորձագիտական գնահատումն արձանագրել է նախորդ փուլերից հետո իրականացված նշանակալի բարելավումներ և նախկինում մատնանշված մի շարք խնդիրների լուծում։ Այնուամենայնիվ, չափանիշն այս անգամ դրական չի գնահատվել այն հիմնավորմամբ, որ առկա խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն հատկապես ծրագրային հավատարմագրման պահանջներին ընդառաջ։

Այսպիսով՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման հաջորդ՝ բարելավման փուլը ԳՊՀ-ի համար արդեն իսկ սկսված է։ Առաջնահերթությունը մասնագիտական կրթական ծրագրերի որակի հետագա բարձրացումն է՝ արձանագրված ձեռքբերումների ամրապնդմամբ, առկա խնդիրների հետևողական լուծմամբ և ծրագրային հավատարմագրման պահանջներին պատշաճ պատրաստվածությամբ։ Միևնույն ժամանակ համալսարանը շարունակելու է ամրապնդել ձեռքբերումները և հետևողականորեն զարգացնել գործունեության մյուս ուղղությունները՝ հանուն որակի բարելավման անընդհատության։

Գորիսի պետական համալսարանը շնորհակալություն է հայտնում ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբին, ի դեմս խմբի ղեկավար Լիլիթ Բադալյանի, մասնագիտական գնահատման և արժեքավոր առաջարկությունների համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև համալսարանի ողջ թիմին և չափանիշների պատասխանատուներին գործընթացում ներդրած ջանքերի համար: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնին՝ բուհում հավատարմագրման նախապատրաստական աշխատանքները համակարգելու համար։

Facebook Comments