ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ Է ԱՆՑՆՈՒՄ

Գորիսի պետական համալսարանում ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակում դեկտեմբերի 15-18-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը արտաքին գնահատում իրականացրեց 10 չափանիշներով՝ դիտարկելով նախորդ հավատարմագրումից ի վեր բուհի արձանագրած առաջընթացը  և բարելավման ծրագրի  իրագործումը։

ԳՊՀ-ում  արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Բադալյանը։ Խմբի անդամներն են Լեհաստանի հավատարմագրման կոմիտեի բարձրագույն կրթության փորձագետ, տնտեսագիտության դոկտոր,Վարշավայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր  Միսչեսլավ Սոխան, ԵՊՀ բիզնեսի կառավարման ամբիոնի դոցենտ Նոննա Խաչատրյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, «Արագած Պեռլիտ» ԲԲԸ իրավախորհրդատու Գոհար Պետրոսյանը, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Հովհաննիսյանը։

Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ քաղաքականության մշակման  բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:

Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, փաստաթղթերը և նախնական գնահատում իրականացրել:

Այցի շրջանակում փորձագիտական խումբը հանդիպումներ է ունեցել  բուհի ռեկտորի, պրոռեկտորի, ինքնավերլուծությունն իրականացրած խմբի անդամների, գործատուների, շրջանավարտների, ԳՊՀ խորհրդի անդամների, ուսանողների, ստորաբաժանումների ղեկավարների, դեկանների, ամբիոնների վարիչների և կրթական ծրագրերի պատասխանատուների, Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների,  որակի ապահովման պատասխանատուների հետ, իրականացրել են դասալսումներ և դիտարկել ռեսուրսները:

Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, «Տնտեսագիտություն» «Իրավագիտություն», «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:

Այցի վերջին օրը տեղի է ունեցել նաև ամփոփիչ հանդիպում համալսարանի ղեկավար կազմի հետ։

Ինքնավերլուծության զեկույցի ուսումնասիրության և փորձագիտական այցի արդյունքների հիման վրա փորձագիտական խումբը կներկայացնի եզրափակիչ զեկույցը, որում կներկայացվեն բուհի թույլ և ուժեղ կողմերը, բարելավմանը միտված առաջարկները:

Համաձայն փորձագիտական խմբի եզրափակիչ զեկույցի և բուհի բարելավման հայեցակարգի` ՈԱԱԿ-ի հանձնաժողովը կկայացնի հավատարմագրման մասին որոշում:

Facebook Comments