ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԻՍԻ ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ԵՎ ԺԱՅՌԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ
Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, պատմաբան Գայանե Շաբունցը հանդիպել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026թ.» ծրագրի մասնակից աշակերտների և ուսուցիչների հետ` քննարկելու «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան. Գորիսի քարանձավների և ժայռային էկոհամակարգերի աշխարհը» նախագծային աշխատանքի կրթական, գիտական կարևորությունը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Գորիսի քարանձավների պատմաճարտարապետական նշանակությունը։ Հատուկ ընդգծվել է կայուն զբոսաշրջության սկզբունքների պահպանման կարևորությունը, մասնավորապես՝ քարանձավների պատմամշակութային և հնագիտական ժառանգության պաշտպանությունը, զբոսաշրջային երթուղիների ու տեղաշարժման ուղիների ճշգրիտ քարտեզագրումը, ինչը կնպաստի էկոզբոսաշրջության զարգացմանը։
Քննարկման մասնակիցները նշել են, որ քարանձավների պատմամշակութային ժառանգության հանրայնացումը, քարտեզագրումն ու տեղեկատվական բլոգի, գրքույկների, խորհրդանիշների ստեղծումը մեծապես նպաստելու են նաև տեղի հյուրատների և զբոսաշրջային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Շեշտադրում արվեց, որ նախագծի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գորիսի քարանձավների և ժայռային էկոհամակարգերի ներուժը ամբողջությամբ ուսումնասիրված, բացահայտված չէ (թեև ամբողջ աշխարհում քարանձավային զբոսաշրջությունը (սպելեոտուրիզմը) բերում է մեծ գիտական, կրթական, բնապահպանական և տնտեսական օգուտներ երկրներին). դրանք ունեն ուշադրության,պահպանության, ճանաչման և աշխարհին ճիշտ ներկայացման կարիք։






