ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը հյուրընկալեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանի ուղեկցությամբ:
Աշակերտներին ողջունեցին ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը և մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Արտուր Խոջաբաղյանը՝ կարևորելով բուհ-դպրոց համագործակցության դերը աշակերտների կրթական զարգացման, մասնագիտական կողմնորոշման, ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթանալու գործում։ Ա. Դինունցը կարևորեց այն փաստը, որ դպրոցում իրականացվող առարկայական նախագիծը, որի շրջանակում աշակերտներն այցելել են համալսարան, հնարավորություն կտա աշակերտներին զարգացնելու իրենց հմտությունները և անմիջականորեն ծանոթանալու համալսարանի տեխնոլոգիական հնարավորությունների մի փոքր մասին:
Արտուր Խոջաբաղյանը աշակերտներին ծանոթացրեց եռաչափ տպիչի հնարավորություններին, գործառույթներին, առավելություններին, թերություններին: Նա բացատրեց մոդելավորման և տպագրության գործընթացը՝ մեկնաբանելով դրա կիրառական նշանակությունը ժամանակակից տեխնոլոգիաներում։ Աշակերտներն իրենց նախագծի թեմայի շրջանակում ընտրեցին քսանանիստի մոդելը և մասնակցեցին դրա տպագրության գործընթացին։Եռաչափ տպիչի աշխատանքին ծանոթանալուց հետո Thingiverse հարթակի միջոցով ուսումնասիրեցին մոդելավորված և փորձարկված պատրաստի մոդելներ, որոնք կարելի է տպել եռաչափ տպիչով։
Դպրոցականների շրջանում առաջացած ոգևորությունը փաստում էր, որ ճանաչողական այցը իրապես ստացված և կարևոր քայլ էր նրանց կրթական զարգացման համար:
Հուսով ենք, որ նման հանդիպումները կլինեն պարբերական և կօգնեն բացահայտել աշակերտների իրական հետաքրքրությունները՝ հանդիսանալով մեծ խթան ոչ միայն մասնագիտական կողմնորոշման, այլ նաև դպրոց-համալսարան կապի ամրապնդման համար։