«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ ԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Մայիսի 15-ին և 16-ին Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի և ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Արդյունավետ գործարար հաղորդակցում և բանակցային հմտություններ» թեմայով:

Դասընթացը վարեց ԳՊՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Մեժլումյանը: Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին հաղորդակցման տեսակներն ու մակարդակները, հաղորդակցման գործընթացի առանձնահատկություններն ու  ոճերը, ինչպես նաև արդյունավետ բիզնես հաղորդակցության  հիմնարար կանոնները։

Դասընթացավարն անդրադարձավ նաև բանակցությունների փուլերին ու տեսակներին, բանակցային վարքագծի ձևավորմանը, հաջող բանակցությունների համար կիրառվող հաղորդակցման ռազմավարություններին, Պարետոյի և Պարկինսոնի օրենքներին, որոնք կարևոր են ժամանակի և ռեսուրսների արդյունավետ կառավարման համատեքստում։

Դասընթացը ներառեց տեսական և գործնական մասեր։ Մասնակիցները ոչ միայն իրականացրին թեստ՝ պարզելու հաղորդակցման հմտություններին տիրապետելու իրենց մակարդակը, այլև աշխատեցին իրավիճակային օրինակների վրա՝ վերլուծելով կոնֆլիկտային կամ խնդրային իրավիճակներ:

Դասընթացի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց նաև փիչինգին՝ գաղափարը համառոտ և համոզիչ ձևով ներկայացնելու հմտություններին։ Մասնակիցները ծանոթացան փիչինգի կառուցվածքին, նպատակին, գաղափարը համոզիչ ներկայացնելու եղանակներին և մշակեցին ու ներկայացրին իրենց գաղափարները՝ կիրառելով փիչինգին բնորոշ սկզբունքները:

Դասընթացի ավարտին եղավ ակտիվ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Facebook Comments