«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ ԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի և ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Արդյունավետ գործարար հաղորդակցում և բանակցային հմտություններ» թեմայով:

Դասընթացը վարեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտ. գ. թ. Սյուզաննա Պետրոսյանը:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին անձի հաղորդունակության հիմնական բաղադրամասերը, արդյունավետ հաղորդակցման հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև գործարար միջավայրում հաղորդակցության հիմնարար կանոններն ու պայմանները, որոնք կարևոր են համագործակցության և ընդհանուր նպատակների իրականացման տեսանկյունից:

Դասընթացավարն անդրադարձավ նաև անձի բանակցային վարքագծի ձևավորման առանձնահատկություններին, հաջող բանակցությունների վարման կարևորագույն սկզբունքներին:

Դասընթացը ներառեց տեսական և գործնական մասեր։ Մասնակիցները ոչ միայն իրականացրին նախաթեստ՝ պարզելու արդյունավետ գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններին տիրապետելու իրենց մակարդակը, այլև աշխատեցին իրավիճակային խնդիրների վրա՝ դիտարկելով և վերլուծելով համապատասխան իրավիճակներ:

Դասընթացի ավարտին եղավ ակտիվ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Facebook Comments