ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ
Այսօր ԳՊՀ-ում Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առաջին բուժօգնության ուսուցողական դասընթաց՝ հիմնված ամերիկյան «MARCH» ռազմաբժշկական համակարգի վրա։
Նախաձեռնությունն իրականացվեց Գորիսի պետական համալսարանի մի խումբ ուսանողների կողմից, որոնք վերջերս մասնակցել էին Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի (AANSI) կողմից կազմակերպած վերապատրաստման ծրագրին։
Դասընթացի նպատակն էր զարգացնել կյանքի փրկության կարևորագույն հմտությունները և ձևավորել արագ արձագանքման կարողություններ արտակարգ իրավիճակներում։
Մասնակիցները ծանոթացան արյունահոսության արագ ու արդյունավետ կանգնեցման, շնչուղիների անցանելիության ապահովման, շնչառության և արյան շրջանառության վերահսկման, գլխի վնասվածքների հետևանքների կանխման եղանակներին, օձի խայթոցի, ցրտահարության և արևահարության դեպքում ցուցաբերվող առաջին բուժօգնության քայլերին:
Մասնակից ուսանողները տեսագործնական դասընթացի ընթացքում յուրացրին առաջին բուժօգնության հմտությունները, կիրառեցին դրանք իրական պարագաների օգնությամբ, ոգևորությամբ ու սիրով ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Դասընթացը վարեցին «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Նարե Անդրյանը, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ջհանգիրյանը, «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանը, «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլադա Մկրտչյանը, «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Մհեր Աղասյանը և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Մերի Միրզախանյանը։

















