ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակներում Գորիսի պետական համալսարան էին այցելել Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները՝ խմբակի ղեկավար, ԳՊՀ դասախոս Գայանե Հայրապետյանի ուղեկցությամբ։

Այցի ընթացքում ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը աշակերտներին ներկայացրեց բուհում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, ընդունելության կարգը, ինչպես նաև համալսարանի կողմից ուսանողներին ընձեռվող հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն դարձվեց ապագա մասնագիտության ճիշտ ընտրության կարևորությանը՝ հաշվի առնելով աշխատաշուկայի ներկայիս պահանջները։

Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի մասնագետ Անուշիկ Սահակյանը աշակերտների համար կազմակերպեց հետաքրքիր խաղ-վարժանքներ։ Մասնագիտական կողմնորոշման գործնական աշխատանքների շրջանակում նա կիրառեց հարցաթերթ՝ պարզելու աշակերտների ուժեղ կողմերը։ Ստացված արդյունքների հիման վրա մասնագետը ներկայացրեց այն մասնագիտությունները, որոնք առավել համապատասխանում էին յուրաքանչյուր աշակերտի կարողություններին ու նախասիրություններին։

Հուսով ենք, որ նման հանդիպումները կլինեն պարբերական և կօգնեն աշակերտներին բացահայտելու իրենց իրական հետաքրքրությունները, ընդլայնելու  նրանց գիտելիքները մասնագիտությունների, կրթական հնարավորությունների մասին։

Facebook Comments