ԱՄՓՈՓՎԵՑ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Ս.թ. հուլիսի 15-ից օգոստոսի 7-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման դասընթացը:
Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ վերապատրաստման դասընթացի արդյունքների ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նա նշեց, որ համալսարանը հետևողական է հանրակրթության ոլորտի ղեկավարների վերապատրաստման գործընթացում իր դերի ամրապնդմանը և դասընթացի կազմակերպական աշխատանքներում ներդրել է հնարավոր բոլոր ռեսուրսները՝ ապահովելու գործընթացի բարձր արդյունավետություն և մասնակիցների ակնկալիքներին համապատասխան որակ: Նա հույս հայտնեց, որ ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ծառայելու են նպատակին և բերելու են հաջողություններ, իսկ գրանցած բարձր արդյունքները նպաստելու են համալսարանի հեղինակության բարձրացմանը։ Ռեկտորը շնորհակալություն հայտնեց ունկնդիրներին՝ Գորիսի պետական համալսարանում վերապատրաստվելու համար, դասընթացի համակարգող, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցին, դասընթացավարներին՝ ներդրած ջանքերի, պատրաստակամության, մեծ նվիրումով վերապատրաստումն իրականացնելու համար:
Ա. Դինունցը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ պարբերաբար ծավալուն աշխատանքներ են տարվել վերապատրաստման դասընթացի բովանդակության, ձևաչափի բարելավման ուղղությամբ: Նաև շեշտեց, որ շատ ունկնդիրներ դպրոցի տնօրենների վերապատրաստման ուղղությամբ ԳՊՀ-ի ներուժը գնահատել են արդեն երկրորդ անգամ, ինչը վկայում է համալսարանի նկատմամբ կայուն վստահության մասին։ Նա շնորհակալություն հայտնեց ունկնդիրներին՝ մասնագիտական զարգացման կարևոր փուլն այստեղ իրականացնելու, ԳՊՀ-ին վստահելու համար, բուհի ղեկավարությանը՝ աջակցելու, դասընթացն ավելի օգտակար և արդյունավետ դարձնելու համար, դասընթացավարներին՝ նույն արժեքներով առաջնորդվելու և դասընթացի հաջողությանը նպաստելու համար:
Վերապատրաստման դասընթացի մասնակիցները ևս երախտագիտության խոսք ասացին՝ բարձր գնահատելով դասընթացավարների մասնագիտական կարողություններն ու նվիրումը, ստացած գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները:
Հանդիպման ավարտին ռեկտոր Տ. Վանդունցը դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնեց վկայագրեր, իսկ վերապատրաստող մասնագետներին՝ հավաստագրեր:
_______________________________________________
Նշենք, որ վերապատրաստման դասընթացն իրականացվել է հիբրիդային և հեռավար ձևաչափերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ: Դասընթացը կազմակերպվել է տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների համակողմանի ինտեգրմամբ և ընդգրկել է հանրակրթության բնագավառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական նոր գիտելիքների, կարողությունների, հմտությունների և ունակությունների ձեւավորմանն ու կատարելագործմանն ուղղված բաղադրիչներ:

















