ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ – 120. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հունիսի 13-ին լրացավ հայ արձակի մեծանուն վարպետ Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը: Գրական հոբելյանի առթիվ հունիսի 14-ին Գորիսի պետական համալսարանում «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էին գիտության հինգ դոկտորներ, մեկ տասնյակից ավելի գիտության թեկնածուներ, հետազոտողներ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից, պատմության ինստիտուտից, հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, Հայաստանի ազգագրության թանգարանից, Կրթության ազգային ինստիտուտից, Արցախից, ինչպես նաև Գորիսի պետական համալսարանից:
Գիտաժողովին ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները, մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ:
Բացման խոսք ասաց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը: Ողջունելով հյուրերին ու գիտաժողովի մասնակիցներին գրական տոնի առթիվ՝ նա նշեց, որ գիտաժողովի նպատակը Ակսել Բակունցի ստեղծագործության նորովի արժևորումն է, այնպիսի հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կտա քննարկելու գիտատեսական նոր հարցադրումներ՝ կապված մեծանուն արձակագրի գրական ժառանգության ուսումնասիրության հետ: Նա կարևորեց զեկուցումների թեմատիկ բազմազանությունը, ոչ միայն գրականագետների, այլև պատմագետների, բանագետների ու ազգագրագետների մասնակցությունը գիտաժողովին՝ Բակունցի ստեղծագործության հարուստ շերտերը բացահայտելու և գիտական նորույթներ բացահայտելու նպատակադրումով:
Զեկուցումները հատկանշելի էին գրողի ստեղծագործության նոր հատկանիշների բացահայտումով, խորքային, հետաքրքիր դիտարկումներով: Զեկուցողները փորձեցին նորովի բացահայտել Բակունցի ստեղծագործական ու անձնային կողմերը, արժևորել նրա ուրույն կենսազգացողությունը, արձակի գեղարվեստականության չափանիշները, լեզվի ու ոճի զարգացման ընթացքը, կենսական երևույթների խորքային ընդգրկման, ավանդականի ու նորարարականի բարձրարվեստ համաձուլման գրական ու գրականագիտական ձիրքը:
Զեկուցումներով հանդես եկան բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը (Ակսել Բակունցը 1930-ական թթ. գրապայքարի բովում), բ.գ.դ., պրոֆեսոր Վանո Եղիազարյանը (Ռոստոմ Թումանյանի կերպարը Ակսել Բակունցի ստեղծագործության մեջ ), բ.գ.դ., դոցենտ Թամար Հայրապետյանը (Ակսել Բակունցի ստեղծագործության ժողովրդագիտական և մշակութաբանական հենքը), բ.գ.դ. Հայկանուշ Մեսրոպյանը(Հայերենի բարբառները Բակունցի ստեղծագործություններում), պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը (Ակսել Բակունցը Գորիսի ծխական դպրոցի աշակերտ)Արցախի պետական արխիվի վարիչ Լեռնիկ Հակոբյանը (Գաղթականի կերպարը Բակունցի ստեղծագործության մեջ), ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը(Հայկական տարազի ու զարդարանքի արտացոլանքը Ակսել Բակունցի երկերում), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ղազարյանը (Ակսել Բակունցի դերը հայ-ադրբեջանական սահմանների ճշտման խնդրում(1920-ական թվականներ), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նարինե Շամամյանը («Յար խուշտա» պարի վկայությունները Ակսել Բակունցի Ծիրանի փողը պատմվածքում), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սիրանույշ Առաքելյանը (Ակսել Բակունցը «Խաչատուր Աբովյան» վեպի շուրջ), բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը (Ակսել Բակունցը և Ն.Գոգոլի «Տարաս Բուլբան»), բ.գ.թ. Սվետլանա Մանուչարյանը (Դարձվածային միավորները Ա.Բակունցի «Կարմրաքար» վեպում), պ.գ.թ. Արմեն Կարապետյանը («Ակսել Բակունցը անխարդախ ժողովրդայնության առաջամարտիկ խորհրդահայ գրականության մեջ» աշխատությունը), Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանը (Ա.Բակունցի «Պրովինցիայի մայրամուտը» պատմվածքի բառապատկերային շերտերը), հ.գ.թ., դոցենտ Նազելի Հախվերդյանը(Ա.Բակունցի «Մթնաձորի չարքը» պատմվածքի հոգեբանական վերլուծություն), ԳՊՀ ՄՀ ամբիոնի դասախոսներ Նելլի Բաղդագյուլյանն ու Հերմինե Ալավերդյանը (Գեղագիտական դաստիարակության դրսևորումները Ա.Բակունցի ստեղծագործություններում), Կարինե Միրաքյանը (Ա.Բակունցի ստեղծագործությունների մանկավարժական-դաստիարակչական նշանակությունը): Գիտաժողովին հեռակա մասնակցություն էին բերել բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը (Տեսիլը Ակսել Բակունցի պատմվածքներում), բ.գ.թ. Մերի Հովհաննիսյանը (Գունային խորհրդանիշները Տերյանի և Բակունցի ստեղծագործություններում) , պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը (Պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանի ներդրումը բակունցագիտության բնագավառում) և ուրիշներ:
Գիտաժողովն ընթացավ լիագումար երկու նիստերով, որոնք նախագահում էին համալսարանի պատվավոր հյուրերը՝ բ.գ.դ., պրոֆեսորներ Դավիթ Գասպարյանն ու Վանո Եղիազարյանը: Գիտաժողովի փակմանը ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանի շնորհակալական խոսքից հետո նիստերի նախագահողները ներկայացրին իրենց տպավորությունները՝ բարձր գնահատելով զեկուցումների գիտականությունը, արդիականությունը, գիտաժողովի կազմակերպչական մակարդակը:
Ելույթ ունեցավ նաև ԳՊՀ գիտական քարտուղար, գիտաժողովի կազմակերպիչ Թեհմինա Մարությանը՝ նախնական մանրամասներ ներկայացնելով Ակսել Բակունցի հոբելյանական միջոցառումների շրջանակում Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում ԳՊՀ-ԱԵԳՄՄ շրջանակներում հայտարարված շարադրության մրցույթի արդյունքների մասին: Այդ առթիվ Գորիսի պետական համալսարանում հունիսի 26-ին կկազմակերպվի մրցանակաբաշխություն, որին կհրավիրվեն բոլոր մասնակիցները:
Ակսել Բակունցի 120-ամյակին նվիրված գիտաժողովը Բակունցի ստեղծագործության գնահատությունը ևս մեկ էջով լրացնելու փորձ էր, որը կլինի շարունակական:
Նոննա Միրզոյան