ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ ՕՐԵՐ-2026» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Այսօր «Էրազմուսյան օրեր-2026» միջոցառման շրջանակում ԳՊՀ-ում տեղի ունեցավ «Սովորել և զարգանալ՝ հմտություններ վաղվա համար» խորագրով միջոցառումը, որի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը «Էրազմուս+» ծրագրի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ, ներկայացնել ԳՊՀ-ի միջազգային համագործակցության փորձն ու եվրոպական ծրագրերը և խրախուսել երիտասարդների ակտիվ մասնակցությունը միջազգային կրթական նախաձեռնություններին։
ԳՊՀ-ում ընթացող միջազգայնացման գործընթացի և Էրազմուս+ ծրագրի շրջանակում բուհում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը՝ ընդգծելով, որ միջազգային հարթակներում բուհի ներգրավվածության և ԵՄ ֆինանսավորման շնորհիվ 2012 թվականից ի վեր հաջողությամբ իրականացվել են ՏԵՄՊՈՒՍԻ և ԷՐԱԶՄՈՒՍԻ մի շարք ծրագրեր։ Դրանց արդյունքում ընդլայնվել են միջազգային դրամաշնորհային ծրագրերին դիմելու հնարավորությունները, գործընկեր համալսարանների հետ լավագույն փորձի փոխանակումները, մշակվել և իրականացվել են նոր կրթական ծրագրեր, դասընթացներ ու մոդուլներ, ինչպես նաև գործարկվել են նոր լաբորատորիաներ։
Նախքան ակադեմիական շարժունության թեմային անցնելը Որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը ուսանողների համար կազմակերպեց ճանաչողական վիկտորինա՝ պարզելու նրանց գիտելիքները «Էրազմուս+» ծրագրերի, կրեդիտային համակարգի և ակադեմիական շարժունության հնարավորությունների վերաբերյալ։ Այնուհետև ներկայացրեց շարժունության տեսակներն ու ձևաչափերը, դրա կազմակերպման գործընթացը, ինչպես նաև ECTS կրեդիտային համակարգի հետ կապը, կրեդիտների փոխանցման և ճանաչման առանձնահատկությունները։
Իրենց փորձառությամբ ներկաների հետ կիսվեցին միջազգային շարժունության ծրագրերին մասնակցած ԳՊՀ ուսանողներ Արմինե Ասատրյանը («Անգլերեն և գրականություն»), Գարիկ Դալլաքյանը («Անգլերեն և գրականություն»), Աստղիկ Առուստամյանը («Տնտեսագիտություն»)։ Նրանք պատմեցին Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունների, արտասահմանյան բուհերում ուսումնառության, ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների, հանդիպած դժվարությունների և նոր միջավայրում ինքնուրույնանալու ու զարգանալու իրենց փորձի մասին։












