«ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

Հուլիսի 8-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակից դասընթացավարների և ուսանողների վկայականների հանձնման արարողությունը, որին մասնակցել են նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, գիտական կենտրոնի ղեկավար Արփինե Դինունցը և «Ներգրավված քաղաքացի» դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին:
Դասընթացը միտված էր խթանելու քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ընկալմանը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը վերահաստատեց, որ ժողովրդավարության զարգացումն ու պահպանումը կախված են նաև քաղաքացիական կրթությունից։ Նախարարը փաստեց, որ ի սկզբանե 4 բուհում մեկնարկած դասընթացը, հիմնվելով ինտերակտիվ մեթոդաբանության և դասավանդման նորարարական մոտեցումների վրա, մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդների շրջանում, որի արդյունքում՝ 2022 թվականին ևս 6 բուհ միացավ ծրագրին:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին` նշելով, որ երիտասարդները երկրի ապագան են, հետևաբար նրանց կարողությունների հզորացումը և հմտությունների զարգացումը շատ կարևոր է:
Ողջույնի խոսքերին հաջորդեց  պանելային քննարկումը, որի ընթացքում ուսանողները և դասախոսները կիսվեցին իրենց փորձով ու քննարկեցին Հայաստանում քաղաքացիական կրթության ամրապնդման տարբեր ուղիները: ԳՊՀ գիտական կենտրոնի ղեկավար Ա. Դինունցը պանելային քննարկման ժամանակ նշեց, որ այս դասընթացը հետաքրքիր էր դասավանդման և ուսանողակենտրոն կրթության կազմակերպման նոր մոտեցումների տեսանկյունից, որն ուղղված էր  հանրային կյանքի արդյունավետ ներգրավման, ինչպես նաև ժողովրդավարության սկզբունքների գլոբալ և տեղական կիրառությունների ուսումնասիրմանը:
Դասընթացի մասնակից ուսանողները ներկայացրեցին իրենց նախաձեռնությունները, որի շրջանակներում ն անդրադարձան «ՓՈԽԻՐ ՄԻՋԱՎԱՅՐԴ» նախագծին՝ շեշտելով. «Այս դասընթացի շնորհիվ մեզ հաջողվել է ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, համալսարանում ծավալել հետաքրքիր գործունեություն, որն ուղղված է քաղաքացիական պատասխանատվության կոմպետենցիաների ամրապնդմանը:  Այնուամենայնիվ, հանրային մեծ աջակցության շնորհիվ կարողացանք ունենալ այս նախաձեռնությունը և կազմել առաջարկությունների փաթեթ»:
Միջոցառման ավարտին ուսանողներն ու դասախոսները ստացան վկայականներ նախագիծն իրենց բուհերում և համայնքներում հաջողությամբ իրականացնելու համար:
Նշենք, որ դասընթացը մեկնարկել է 2019 թվականին և իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (ՍԵՊՊԱ) ծրագրի շրջանակում։ Դասընթացն այժմ ընթանում է ՀՀ ութ բուհերում` Գորիսի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Վանաձորի պետական, Բրյուսովի անվան պետական և Հայբուսակ համալսարաններում, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում և Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում։

Facebook Comments