Վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին նախապատրաստելու նպատակով կազմակերպվող վերապատրաստումների համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակության և հարցաշարին համապատասխան Գորիսի պետական համալսարանի կողմից մշակված ուuումնական ծրագրի և թեմատիկ պլանի հիման վրա: Դասընթացն իրականացվում է մոդուլային–կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչներ, և կամընտրական դասընթացների առարկայախումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլ՝ յուրաքանչյուրը 15 ժամ ծանրաբեռնվածությամբ, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):
Պարտադիր դասընթացները ներառում են հինգ մոդուլներ՝ երեք կրեդիտ (95 ժամ) ուսումնական բեռնվածությամբ.
1) Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,
2) Իրավունքի հիմունքներ,
3) Գնումների գործընթացի կազմակերպում,
4) Կիրառական հաշվապահություն,
5) Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն:
Կամընտրական դասընթացներից առաջարկվում են հետևյալ մոդուլները.
- Տեքստային և գործարար փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա,
- Օտար լեզու հատուկ նպատակներով։
Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-1, լրացվում է տեղում),
- 3×4 չափի երկու լուսանկար,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
- անձնագրի պատճենը,
- մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
- Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը: