Պատմական ակնարկ

Սյունյաց աշխարհը հայտնի է եղել իբրև միջնադարյան Հայաստանի կրթամշակութային խոշոր կենտրոն: Մատենագրական աղբյուրները վկայում են, որ հայոց դպրության ամենահին օջախները հաստատված են եղել Սյունիքում:
5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը Վաղինակ ու Վասակ Սյունի իշխանների աջակցությամբ Սյունիքի Գողթն գավառում բացում է դպրոցներ: Հետագայում՝ 5-8–րդ դարերում, կրթամշակութային գործը Սյունիքում նշանավորվել է շնորհիվ մի շարք գործիչների՝ եպիսկոպոս Անանիա Թարգմանիչ, քերթողներ Պետրոս Սյունեցի, Մաթուսաղա, Մովսես և ուրիշներ, որոնք առաջնորդել են Սյունյաց վարդապետարանի կրթական գործը: 9-րդ դարից Սյունիքն ապրել է կրթամշակութային վերելք. հիմնադրվել է Տաթևի համալսարանը, որը համարվում էր «Աղբյուր իմաստից՝ ի վարդապետարանն Սյունյաց»: Այն հետագայում դարձել է համահայկական կրթամշակութային կենտրոն: Հռչակավոր է եղել նաև Գլաձորի համալսարանը, որն անվանել են «Երկրորդ Աթենք»:
Միջնադարյան Հայաստանի համալսարանները հսկայական դեր են կատարել գիտության և մշակույթի պատմության մեջ՝ պատրաստելով գիտության և արվեստի տարբեր բնագավառների մասնագետներ, որոնք ոչ միայն ստեղծեցին հայ մշակույթի կոթողները, այլև կարևոր նպաստ բերեցին համաշխարհային քաղաքակրթությանը: Դարեր շարունակ Սյունյաց աշխարհի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների, մշակութային, կրթական գործիչների հոգածության շնորհիվ Սյունիքում նույնիսկ ամենածանր պայմաններում պահպանվել է ազգային կրթօջախների կենսահաստատությունը:
Հետագայում, ցավոք, հայ պետականության անկման հետ կտրվեց նաև բարձրագույն կրթության շղթան: Տաթևի (գործել է մինչև 1435թ.) և Գլաձորի (գործել է մինչև 1340-ական թթ.) համալսարանների փակվելուց հետո դարերով ընդհատվեց մոտ հազարամյա պատմություն ունեցող հայկական բարձրագույն դպրոցի կյանքը:
Նոր ժամանակներում ևս Սյունիքը աչքի է ընկնում կրթամշակութային բարձր արժեքներով, որոնք փոխանցվել են նախորդ սերունդների կողմից:
Գորիսի պետական համալսարանը հնավանդ Սյունյաց աշխարհում Տաթևի վարդապետարանից հետո երկրորդ բարձրագույն ուսումնական հաստատությունն է և անցել է փառավոր ուղի:
Այս տարի լրացավ համալսարանի հիմնադրման 50-րդ տարեդարձը, որը ոչ միայն համազգային ու գիտամշակութային հոբելյան է, այլև գիտակրթական ասպարեզում մեր ձեռքբերումների մի յուրօրինակ ամփոփում է:
Ստեղծման առաջին օրից բուհը մեծ դեր է խաղացել մարզի կրթամշակութային կյանքում, նվաճել հաստատուն տեղ հանրապետության բուհերի շարքում: Կրթօջախի շնորհիվ երիտասարդ սյունեցին իր տանն է` կապված իր հող ու ջրին, իր ազգային ու մշակութային ակունքներին: Նա է երկրամասի առաջին ազգապաշտպանն ու ազգապահպանը, այսօրվա ու վաղվա ուսուցիչը, տնտեսագետն ու իրավագետը, պատմաբանն ու բնագետը, էներգետիկը:
Լինելով մարզում բարձրագույն կրթության լավագույն ավանդների ստեղծողն ու շարունակողը, հետամուտ համաեվրոպական բուհական բարեփոխումներին ու գիտական առաջընթացին` կրթօջախը իրականացնում է ռազմավարական իր ծրագիրը, որի արդյունավետության վկայությունը մեր նվաճումներն են, հաստատության հեղինակության շարունակական բարձրացումը, աշխատաշուկայում մեր շրջանավարտների մրցունակությունը:
Գորիսի պետական համալսարանն այն հաստատությունն է, որտեղ տասնամյակների ընթացքում պահպանվել է սերունդների հաջորդականությունը, բազմապատկվել են գիտակրթական նվաճումները:
1960-ականների սկզբից Գորիսի շրջանի առջև ծառացան սոցիալ-տնտեսական, կրթալուսավորական բարեփոխումների խոշորագույն խնդիրներ: Կառուցվում էին նոր արդյունաբերական ու շինարարական ձեռնարկություններ, նոր մասնաճյուղեր՝ շրջանների աշխատունակ բնակչության զբաղվածությունն ապահովելու համար: Այդ ժամանակաընթացքում շրջանի վերադաս կազմակերպություններին մտահոգում էր երիտասարդության բարձրագույն կրթությունը տեղում կազմակերպելու հարցը, ուստի ծրագրվում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ հիմնել Գորիսում: Նպատակը մեկն էր՝ Գորիսը դարձնել տարածաշրջանի ու, առհասարակ, Հայաստանի կրթամշակութային զարգացման կենտրոններից մեկը:
Գորիս քաղաքը Հայաստանի Հանրապտության այն եզակի բնակավայրերից է, որն ունի կրթամշակութային հարուստ պատմություն և արժեքներ: Դեռևս 19-րդ դարի 70-ական թվականներից գավառակենտրոն Գորիսում գործել են պետական (արքունի) կանոնավոր ուսումնարանը (հիմնվել է 1876թ.), Սբ Հռիփսիմեի հայոց եկեղեցական-ծխական դպրոցը (հիմնվել է 1890թ.), պրոգիմնազիան (հիմնվել է 1915թ.), 1920-ական թվականների վերջերից մանկավարժական ուսումնարանը և գյուղատնտեսական տեխնիկումը: Վերջիններս կադրեր էին պատրաստում ժողովրդական տնտեսության, կրթության և առողջապահության ոլորտի համար: Բավական է նշել, որ մանկավարժական ուսումնարանի շրջանավարտներից մոտ 50-ը դարձել են գիտության թեկնածուներ, 10-ը` գիտության դոկտորներ, 2-ը` Ս.Բակունցը և Վ.Ղազարյանը` ակադեմիկոսներ: Այդ կրթօջախում են սովորել անվանի գրողներ Սուրեն Այվազյանը, Սերո Խանզադյանը և մեծահամբավ այլ մտավորականներ, պետական-հասարակական գործիչներ:
1950-ականներին Գորիսում արդեն կային համապատասխան նախադրյալներ բարձրագույն կրթության գործի կազմակերպման համար: Խորապես մտահոգված մարզում բարձրագույն մասնագիտական կրթության հիմնադրման և բարձրորակ կադրերի պատրաստման հարցերով՝ հայրենասեր գործիչներն ակտիվ աշխատանք են տանում՝ երկրամասում հիմնելու բարձրագույն ուսումնական հաստատություն:
Մասնաճյուղի բացմանը մեծապես օժանդակել են տեղական իշխանությունները, հատկապես` շրջանային կուսկոմիտեն: Այդ դժվարին, բայց ազգանվեր գործը պահանջում էր մեծ ջանքեր, նվիրվածություն ու հետևողականություն: Բուհի հիմնադրման գործում արժանի ավանդ են ներդրել կուսշրջկոմի առաջին քարտուղար Քրիստափոր Պետրոսյանը, կուսշրջկոմի երկրորդ քարտուղար Գերասիմ Հարությունյանը, ինչպես նաև շրջանային գործկոմի նախագահ Արամ Հարությունյանը, որոնք բարձր առաքելություն էին իրականցնում` հատկապես կադրերի ընտրության, նրանց համար սոցիալ-տնտեսական անհրաժեշտ պայմանների ստեղծման ու ապահովման ուղղությամբ: Ք.Պետրոսյանը և Գ. Հարությունյանը հիմնադրման օրվանից դասավանդել են մասնաճյուղում:
Այսպիսով՝ մարզի հանրակրթական դպրոցները բարձրագույն կրթություն ունեցող որակյալ կադրերով ապահովելու նպատակով Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1967թ.-ի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Գորիս քաղաքում հիմնադրվում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը` «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» մասնագիտություններով:
Այսպիսով՝ սյունեցի երիտասարդության համար բացվում են համալսարանական կրթություն ստանալու դռները: Մասնաճյուղը դառնում է այն ձգող կենտրոնը, որը բնօրրանից հեռացածներից շատերին հետ է կանչում: Կրթօջախի հիմնադրումը մեծ գոհունակությամբ է ընդունում հայ մտավորակությունը, որը խորապես գիտակցում և բարձր էր գնահատում հայ մշակույթի այդ կարևորագույն օջախի դերը:
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ստեղծումը պատմական կարևորագույն իրադարձություն էր: Մասնաճյուղի ստեղծմամբ Սյունիքի մտավորականները լայն հնարավորություն էին ստանում՝ աշխատելու մարզում և ծառայելու հայրենակիցների գիտական ու մշակութային պահանջներին:
Նորաստեղծ կրթօջախի ղեկավարությունը (տնօրեն Շ.Սահակյան) և պրոֆեսորադասախոսական կազմը զգալի աշխատանք է կատարում (ֆակուլտետների, ամբիոնների ձևավորում, լաբորատորիաների, կաբինետների ստեղծում, ուսումնական շենքի, ուսանողական հանրակացարանի վերանորոգում և այլն)՝ նպատակ ունենալով ուսումնագիտական այդ հաստատությունը դարձնել ազգային որակյալ կադրերի պատրաստման, գիտության ու լուսավորության հոգևոր դարբնոց:
Գորիսի նորաստեղծ ինստիտուտը հավաքագրում է դասախոսական նոր կազմ, նոր ուսանողություն՝ իր առաջ դնելով առաջանցիկ նպատակներ ու խնդիրներ: Գորիս են գալիս բազմաթիվ անվանի մասնագետներ, որոնց թվում՝ Շ.Սահակյանը Լ.Մինասյանը (մասնաճյուղի երկրորդ տնօրենը), Լ.Շահինյանը, Ֆ.Հարությունյանը, Վ.Գնունին, Ս.Հակոբյանը, Դ.Սեդրակյանը, Գ.Բաղդասարյանը, Հ.Չփլախյանը, Յու.Այվազյանը, Ս.Գաբուզյանը, Ռ.Մովսիսյանը, Ս.Կարապետյանը և ուրիշներ: Մոսկվայից մասնաճյուղում աշխատելու է գալիս գիտ.թեկնածու, դոցենտ Ջ.Սաֆրազբեկյանը` իր հետ բերելով մեծ քանակությամբ մասնագիտական գրականություն և արժեքավոր սարքավորումներ:
Հարկ է նշել, որ կրթօջախում դասախոսություններով հանդես են եկել աշխարհահռչակ ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահ, մի շարք առաջավոր երկրների ԳԱ իսկական ու պատվավոր անդամ Վիկտոր Համբարձումյանը, հայտնի մաթեմատիկոս, Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Սերգեյ Մերգելյանը, ակադեմիկոսներ Արտաշես Շահինյանը, Գուրգեն Սահակյանը և շատ ուրիշ անվանի գիտնականներ, գիտության ու կրթության երախտավորներ:
Վ.Համբարձումյանի և Ս.Մերգելյանի աջակցությամբ 1971թ. նոյեմբերի 1-ին Գորիսում բացվում է հանրապետության գիտությունների ակադեմիայի ֆիզիկոտեխնիկական բաժանմունք` պինդ մարմնի, պոլիմերների ֆիզիկայի, բիոֆիզիկայի բաժիններով ու ճյուղերով, որոնք զբաղվում են գիտական, տնտեսական առաջընթացը ապահովող մի շարք խնդիրների ուսումնասիրություններով: Ակադեմիայի այդ բաժանմունքը միաժամանակ մասնաճյուղի ուսանողների փորձագիտական ուսումնասիրությունների կենտրոն էր, տեսական մտքի զարգացման օջախ: Բաժանմունքում աշխատում էին գիտնականներ, որոնք միաժամանակ հատուկ դասախոսություններ էին անցկացնում մասնաճյուղի ուսանողների համար:
Գորիսի նորաստեղծ բուհը զարգացման նոր փուլ է մտնում 1970-ական թվականների սկզբին: Այդ շրջանում մասնաճյուղում սովորում էին շուրջ 430 ուսանողներ: Մասնաճյուղում գործում էին ֆիզիկայի ֆակուլտետը (դեկան`Հ. Չփլախյան) և մանկավարժության ամբիոնը, ինչպես նաև Մաթեմատիկայի ֆակուլտետը (դեկան` Վ.Գնունի), որը միավորում էր մաթեմատիկայի և հասարակական գիտությունների ամբիոնները: ֆակուլտետներն ունեին 5 լաբորատորիա, բացվում են նաև մանկավարժության ու ֆիզիկայի կաբինետներ: Հետագայում կազմակերպվում են հայոց, ռուսաց և օտար լեզուների, մանկավարժության և հոգեբանության, սպորտի ամբիոններ:
Պրոֆեսորադասախոսական մշտական աշխատակազմին զուգահեռ մասնաճյուղում համատեղությամբ աշխատում էին նաև մայր բուհի անվանի դասախոսներ, հանրապետության ճանաչված ակադեմիկոսներ Ս.Մերգելյանը, Ն.Առաքելյանը, Գ.Բաղդասարյանը, Ա.Բագդոևը, Գ.Սահակյանը, Է.Չուբարյանը, Դ.Սեդրակյանը, Յու.Վարդանյանը, Ռ.Ավագյանը, Պ.Բեզիրգանյանը, դոկտոր-պրոֆեսորներ Ա.Աղզունցյանը, Վ.Ասլանյանը, Ֆ.Հարությունյանը, Լ.Շահինյանը, Գ.Վիրաբյանը, Վ.Գնունին և այլք:
Այդ շրջանում մասնաճյուղում տեղի են ունենում լուրջ բարեփոխություններ: Նկատելի աճում է հաստատության նյութատեխնիկական բազան: Եթե 1967-1968 ուս.տարում մասնաճյուղն ուներ մեկ ուսումնական շենք` ութ լսարանով, ապա 1978 թվականին արդեն մասնաճյուղի յուրաքանչյուր ֆակուլտետ ուներ իր նորակառույց ու հարմարավետ ուսումնական շենքը: Մասնաճյուղի նորակառույց ուսանողական հանրակացարանում ապրում և սովորում էին Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից և այլ տեղերից եկած ուսանողները, իսկ հրավիրված դասախոսներն ապահովվում էին նորակառույց բնակարան-կոտեջներով: Մասնաճյուղում կառուցվում են նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի ութ լաբորատորիաներ, մանկավարժության և հոգեբանության, ինչպես նաև մյուս ստորաբաժանումների համար ուսումնական աշխատասենյակներ, ֆիզկուլտուրայի և սպորտի հարմարավետ դահլիճ, գրադարան-ընթերցարան, որն այդ շրջանում ուներ շուրջ 40.000 միավոր գիրք:
1974-1975 ուսումնական տարվանից մասնաճյուղում բացվում է նաև Տարրական ուսուցման մեթոդիկայի ֆակուլտետ` մանկավարժության և հոգեբանության բաժիններով: Մասնաճյուղի մանկավարժական աշխատանքներն առավել բեղուն ու բովանդակալից ընթացք են ստանում: Նոր մասնագիտությունները կայացնելու նպատակով մասնաճյուղում դասախոսությունների են հրավիրվում Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի դոկտոր, պրոֆեսորներ Դ.Դավթյանը, Պ.Սահակյանը, ԵՊՀ-ից` դոկտոր, պրոֆեսորներ Է.Չուբարյանը, Գ.Վիրաբյանը, Յու.Վարդանյանը, Վ.Պապոյանը, Յու.Այվազյանը, Վ.Բաղդագուլյանը, Ն.Ենգիբարյանը, Ռ.Ավագյանը և ուրիշներ:
Կրթօջախի տնօրինությունը անհրաժեշտ աշխատանքներ էր տանում նաև տեղական մանկավարժական կադրեր պատրաստելու ուղղությամբ՝ ներգրավելով ուսման մեջ առաջադեմ շրջանավարտներին ու դասախոսական կազմի կարող ուժերին: Այդպիսով տարեցտարի աճում է գիտական համապատասխան որակավորում ունեցող դասախոսների թիվը (Լ.Մինասյան, Մ.Մելքումյան, Կ.Մովսիսյան, Ն.Շափաղաթյան, Գ.Դավթյան, Ռ.Մուսայելյան, Ե.Մեժլումյան, Տ.Այվազյան և ուրիշներ): Ասպիրանտական կրթությունն ավարտելուց հետո մասնաճյուղում իրենց գիտամանկավարժական աշխատանքն են շարունակում Մ.Դալլաքյանը, Ա.Մկրտչյանը, Հ.Սահակյանը, Վ.Նարինյանը, Հ.Մանուչարյանը:
Հաստատուն ու հիմնավոր գիտակրթական հիմքեր ունեցող բուհում նոր շրջափուլ է սկսվում 1980-ականերին: Ելնելով Սյունիքի տարածաշրջանային արդյունաբերության զարգացման շահերից, ինժեներական կադրերի պատրաստման պահանջներից՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984թ. հունիսի 25-ի թիվ 382 որոշմամբ Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը վերակազմակերպվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղի, 1991 թվականից` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղի:
Ունենալով կադրերի պատրաստման հարուստ փորձ, փայլուն պրոֆեսորադասախոսական կազմ, նորանուն մասնաճյուղը հաջողությամբ շարունակում է ինժեներական բարձրագույն կադրերի պատրաստման աշխատանքը:
Պոլիտեխնիկական մասնաճյուղի առաջին տնօրեն է նշանակվում տ.գ.թ., դոցենտ (այժմ՝ տ.գ.դ., պրոֆեսոր) Արտակ Սահրադյանը: Նրա ղեկավարության տարիները, հիրավի, նպաստավոր էին մասնաճյուղի առաջանցիկ զարգացման համար: Բավական է նշել, որ նրա անմիջական ղեկավարությամբ մասնաճյուղում կազմակերպվում են հինգ մասնագիտական լսարաններ, որոնց սարքավորումները բերվում են Խորհրդային միության տարբեր հանրապետություններից: Կազմակերպվում են երեք նոր ամբիոններ` Ընդհանուր տեխնիկական առարկաների, Արդյունաբերական էլեկտրոնիկայի, Մեքենաշինության տեխնոլոգիայի: Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում մասնաճյուղի դասախոսները գործուղվում էին հանրապետության տարբեր շրջաններ և Արցախ` դիմորդների համապատասխան կազմ ընտրելու համար:
Այդ շրջանում առավել արդյունավետ ու սերտ են դառնում մասնաճյուղի ու մայր ինստիտուտի միջամբիոնային գիտակրթական կապերը, պարբերական բնույթ են ստանում համատեղ դասալսումներն ու փորձի փոխանակումները:
1989թ.-ին կրթահամալիրի տնօրեն է ընտրվում ֆիզ. մաթ. գ. թ. (այժմ ֆիզ. մաթ. գ.դ., պրոֆեսոր) Յուրի Սաֆարյանը (պաշտոնավարել է մինչև 2016 թվականը): Քաջատեղյակ հայրենի մասնաճյուղի գործունեությանը` Յուրի Սաֆարյանը ձեռնամուխ է լինում կրթահամալիրի գործունեության բարելավմանը: Այդ ընթացքում մասնաճյուղը կրկին հարստացվում է մայր բուհից և Գորիսի ֆիզիկոտեխնիկական բաժանմունքից բերված գիտատեխնիկական սարքավորումներով: Յու.Սաֆարյանը պրոֆեսորներ Ռ.Վարդանյանի, Ա.Մարտիրոսյանի և Ե.Բաղդասարյանի անմիջական մասնակցությամբ երիտասարդ կադրերին ներգրավում է գիտահետազոտական աշխատանքներում: Նրա ղեկավարության տարիներին որակական նոր փոփոխություններ են արձանագրվում պայմանագրային գիտահետազոտական ծրագրերում: 1989 թվականին պոլիտեխնիկական մասնաճյուղում գործում էին երկու ֆակուլտետներ, որոնք հետագայում վերակազմակերպվում են դեպարտամենտների:
Գորիսի պետական համալսարանը զարգացման նոր փուլ է ապրում 1990-ական թվականների վերջերին, ինչով էլ շատ կողմերով պայմանավորված է համալսարանի այսօրը: Մասնաճյուղում տեղի են ունենում լուրջ որակական փոփոխություններ, աշխատաշուկայի թելադրանքով կրկին բացվում է մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ՝ «Հայոց լեզու և գրականություն», «Մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն» մասնագիտություններով, համապատասխան ստորաբաժանումներով: Մասնաճյուղը համալրվում է անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Նորաստեղծ ֆակուլտետը հավաքագրում է դասախոսական նոր կազմ, նոր ուսանողություն՝ իր առաջ դնելով բոլորովին այլ նպատակներ ու խնդիրներ: Այդ տարիներին բուհում դասախոսելու են հրավիրվում բ.գ.դ., պրոֆեսորներ Ալեքսանդր Մարգարյանը, Կիմ Աղաբեկյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը և ուրիշներ: Նոր մասնագիտությունների կայացման գործում մեծակշիռ դերակատարություն են ունենում բ.գ.թ., դոցենտ Նինա Հովսեփյանը, մ.գ.թ., դոցենտ Կարեն Սահակյանը, հ.գ.թ., դոցենտ Ջուլիետա Թունյանը, դոցենտ Հասմիկ Թունյանը, դոցենտ Սերգեյ Հախվերդյանը և ուրիշ երախտավորներ:
Այսպես, տարիների ընթացքում գործելով ՀՀ հեղինակավոր ուսումնական հաստատությունների համակարգում, Գորիսի բուհն անցնում է բարձրագույն կրթության բարեփոխումների հիանալի դպրոց, կուտակում բուհական համակարգի գործունեության հսկայական փորձ: 1997-1998 ուս.տարվանից բուհում կազմակերպվում է նաև հեռակա ուսուցման բաժանմունքը:
Կենսունակ ու ներգործուն ավանդույթներ ունեցող կրթօջախի հիմքի վրա ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի 2400 որոշման համաձայն դադարեցվում է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը, և դրա փոխարեն ստեղծվում է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը՝ որպես ինքնուրույն բարձրագույն ուսումնական հաստատություն` համալսարանի կարգավիճակով: Նոր հաստատված համալսարանի կառավարման խորհրդի առաջին նախագահ է ընտրվում Սյունիքի մարզպետ (2004-2016 թթ.) Սուրեն Խաչատրյանը:
Գիտակցելով իր պատասխանատվությունը հասարակության ու պատմության առաջ՝ համալսարանը սկսում է լայնածավալ կրթական բարեփոխումների գործընթաց` նպատակաուղղելով համալսարանի գործունեությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջները բավարարող որակյալ կրթության ապահովմանը: Հետևում են բազմաշերտ բովանդակային փոփոխությունները և դրանցից բխող մարտահրավերները, որոնց այսօր էլ փորձում է դիմակայել համալսարանը:
Համալսարանի ստեղծումը մարզի զարգացման համար ռազմավարական նշանակությամբ կարևոր ծրագիր էր, որ ենթադրում էր կարճ ժամանակում ձեռք բերել պետական կրթական հաստատության կայուն վիճակ, մրցունակության բարձր մակարդակ, այսինքն` առաջատար դիրք տարածաշրջանի այլ բուհերի նկատմամբ, պրոֆեսորադասախոսական կայուն և բավարար կազմ, կրթական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, գիտահետազոտական գործունեության զարգացման բարենպաստ պայմաններ և այլն: Ի պատիվ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ պետք է նշել, որ համալսարանը ազգային լավագույն ավանդույթների ու միջազգային առաջավոր փորձի զուգակցմամբ ապահովելով կրթության մատչելիությունն ու հասանելիությունը, ձգտեց գերազանցության ու նորարարական ուսուցման և ունեցավ ռազմավարական ծրագրերին համապատասխան առաջանցիկ զարգացում:
2005-2006 ուսումնական տարին Գորիսի պետական համալսարանի համար նշանավորվում է նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ: Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալով ԳՊՀ-ն, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհեր, անցնում են երկաստիճան կրթական համակարգի։ Այդ շրջանից մինչև օրս հետևողական աշխատանք է տարվում բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերի չափորոշիչների, ուսումնական գործընթացի բարելավման հետ կապված չափանիշների և կանոնակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ։ Այդ շրջանից սկսած լուրջ վերակառուցումների են ենթարկվում համալսարանի ֆակուլտետներն ու ամբիոնները: 2007 թվականին ձևավորվում է նաև պատմաիրավագիտության ֆակուլտետը, ներդրվում են նոր մանկավարժական մասնագիտություններ: Ընդլայնվում են արտաքին և միջբուհական կապերը:
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ նախաձեռնությամբ 2008-ից ՀՀ-ում գործում է «Միջբուհական կոնսորցիում» հիմնադրամը (մասնակիցներ՝ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ (այժմ Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական Համալսարան), Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ (այժմ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական Համալսարան), Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտ, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտ), որի ստեղծման հիմնական նպատակը Մանկավարժական բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում Բոլոնիայի համաձայնագրի հիմնական դրույթների՝ համակարգված ու միասնական ներդնումն էր: Լինելով կոնսորցիումի լիիրավ անդամ՝ Գորիսի պետական համալսարանը համագործակցության արդյունքում բարելավել է իր կրթական պրոցեսը` ունենալով կրեդիտային-մոդուլային համակարգին համապատասխանող նոր ուսումնական պլաններ, ուսումնական ծրագրերի բովանդակությունը համապատասխանեցնելով ավարտական բնութագրիչներին և որակավորումներին ներկայացվող պահանջներին:
Այսպիսով, Գորիսի պետական համալսարանը հինգ տասնամյակ շարունակ բեղմնավոր գործունեություն է ծավալել և մեծ աշխատանք է կատարել հանրակրթական դպրոցները և ժողտնտեսությունը որակյալ կադրերով ապահովելու ուղղությամբ:
Բուհի ստեղծումը Գորիսում, բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետներով տարածաշրջանը ապահովելուն զուգընթաց, ի սկզբանե նպատակ է հետապնդել տարածաշրջանից երիտասարդության արտահոսքի կանխման, Արցախի հետ կապի ամրապնդման և բնակչության հասարակական-քաղաքական գիտակցության ակտիվացման:
Այսօր Գորիսի պետական համալսարանը համազգային ու տարածաշրջանային դերակատարությամբ կրթական ու գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որ ժողովրդագրական, տեխնոլոգիական, սոցիալ-տնտեսական, մշակութային բազմազան ու բազմաբնույթ գործոններով պայմանավորված՝ վերագնահատում ու վերանայում է իր դերն ու պատասխանատվությունը, փորձում է մեծացնել իր մրցակցային առավելություններն ու ներուժը:
Գորիսի պետական համալսարանում գործում է կրթության երկաստիճան համակարգ (բակալավրիատ, մագիստրատուրա): Առաջին աստիճանի՝ բակալավրիատի ուսումնական ծրագրերը 4-ամյա ուսումնառությամբ կազմակերպված են ըստ 14 մասնագիտությունների: Երկրորդ աստիճանի՝ մագիստրոսական ուսումնառության 2-ամյա ծրագրերը կազմված են ըստ 12 մասնագիտությունների ու մասնագիտացումների:
Գորիսի պետական համալսարանն այսօր ունի 2 ֆակուլտետ (Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, Բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետ), 6 ամբիոն, 97 պրոֆեսորադասախոսական կազմ, այդ թվում՝ 8 գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 32 գիտությունների թեկնածու, դոցենտ, 57 ասիստենտ ու դասախոս: Համալսարանում սովորում է շուրջ 1000 ուսանող:
2016 թվականի փետրվարի 11-ին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվում ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը: Նույն թվականի հունիսի 9-ին ԳՊՀ խորհրդի նիստում Արտուշ Ղուկասյանը միաձայն ընտրվում է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր:
Արտուշ Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքում զգալի աշխատանքներ են կատարվել համալսարանի կառավարման համակարգի կատարելագործման, կառուցվածքային ստորաբաժանումների՝ արդիականության պահանջներից բխող փոփոխությունների, մասնագիտությունների վերալիցենզավորման, նոր մասնագիտությունների և մասնագիտացումների ներդրման, ուսումնական գործընթացի բարելավման, ներքին իրավական դաշտի կարգավորման, ֆինանսական կայունացման, բուհի միջազգայնացման և այլ ուղղություններով: Գրանցվել է համաչափ առաջընթաց բուհը ներկայացնող բոլոր բաղադրիչներում (ուսումնամեթոդական, գիտահետազոտական, ֆինանսատնտեսական, իրավական և այլն):
Ստեղծվել են նոր բաժիններ, վերակազմակերպվել են ֆակուլտետները, վերալիցենզավորվել են բոլոր մասնագիտությունները: Ներդրվել են նոր մասնագիտություններ (առկա կրթաձևում` «Անգլերեն լեզու և գրականություն», «Կերպարվեստ», «Իրավագիտություն», «Կառավարում(ըստ ոլորտի)», հեռակա կրթաձևում մագիստրոսական ծրագրով` «Հատուկ մանկավարժություն», «Զբոսաշրջության կառավարում»), որոնց գծով առաջին անգամ ընդունելություն կատարվեց 2017-2018 ուստարում:
2016 թվականին Գորիսի պետական համալսարանը ունեցավ նոր լոգո (տարբերանշան), վերահիմնադրվեց պաշտոնաթերթը («Լրատու Գորիսի պետական համալսարանի») ԳՊՀ-ն ունեցավ ժամանակակից մեդիաչափանիշներին համապատասխանող նոր վեբ-կայք` www.gorsu.am:
Նոր ձեռքբերումներ արձանագրվեցին միջազգային համագործակցության ոլորտում: 2016-ին ԳՊՀ-ն Erasmus+ միջազգային կրթական ծրագրի շրջանակներում մասնակցեց Erasmus+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով»), Erasmus+ Heritag (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և երկրատեղեկատվության ոլորտների ուսումնակրթական ծրագիր) միջազգային ծրագրերին: Կրթական այս ծրագրերի շրջանակներում ԳՊՀ համակարգողներն ու աշխատակիցները հանդիպումներ են ունենում եվրոպական մի շարք երկրների համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի, գրադարանային աշխատակիցների հետ: Իրականացվել ու դեռևս ընթացքի մեջ են գրադարանային գործի արդիականացմանն ուղղված դասընթացներն ու աշխատանքները: Ծրագրի արդյունքն է ԳՊՀ-ի վերանորոգված և արդի չափանիշներին համապատասխանող ընթերցասրահը, որն արդեն ծառայում է ուսանողներին` ապահովելով նրանց ուսումնագիտական պահանջները:

2021 թ. դեկտեմբերից մինչև 2022թ. հունիսը Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը:

2022 թվականի մայիսի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթով Գորիսի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել տ.գ.թ, դոնցենտ Տիգրան Վանդունցը:

ԳՊՀ խորհրդի նախագահը  ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանն է:
Այսօր համաշխարհային քաղաքակրթության արժեքների վերագնահատման ու կրթական համակարգի բարեփոխումների ու նորացման ժամանանակից փուլում բուհը մեծ առաքելություն ու պատասխանատվություն է ստանձնել̀ իր գործունեությունը նպատակաուղղելով կրթության բովանադակության արդիականացմանն ու հիմախնդիրների իրատեսական լուծմանը:
Համալսարանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել է կրթական բարեփոխումների արդյունավետ զարգացումը՝ իբրև ուղեցույց ունենալով ՀՀ բարձրագույն մասնագիտական ոլորտում Բոլոնիայի սկզբունքների իրագործումը երկու ուղղություններով՝ բարեփոխումների տեսական դրույթների մշակում և գործնական ներդրում, որը կրել է շարունակական բնույթ:
Արդիականության պահանջներից բխող որակի ապահովումը շարունակական գործընթաց է և հանդիսանում է բուհի հիմնական գործառույթը:
Անշուշտ, հետագայում հետազոտողներն ու տարեգիրներն ավելի մանրամասնորեն կգրեն Գորիսի պետական համալսարանի բազմաբովանդակ պատմությունը, և դրանով կլրացվի Սյունիքի դպրության 1600-ամյա ամբողջական պատմության մի մասը: