ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՄԱՀՎԱՆ 80-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հուլիսի 8-ին լրացավ Ակսել Բակունցի մահվան 80-րդ տարելիցը: Օր, որ սև ժապավենով պատմության մեջ արձանագրեց Բակունցի գնդակահարության դառնաղի փաստը՝ հավերժորեն մխեցնելով սերունդների սրտերը և ստիպելով գլուխ խոնարհել ամենալուսավոր, ամենապայծառ, «արցունքի պես ջինջ» գրողի եղերական տառապանքի ու հիշատակի առջև…
Տարելիցի առթիվ գրողի տուն-թանգարանում Գորիսի պետական համալսարանի ՀՀՄ ֆակուլտետի և թանգարանի «Միրհավ» գրական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ՝ «Ցավդ ինչպե՞ս պատմեմ» խորագրով:
Ներկաները ծաղիկներ դրեցին Ակսել Բակունցի հուշարձանին և թանգարանի բակում տեղադրված խաչքար-հուշակոթողին, ապա ունկնդիր եղան Բակունցի կյանքի վերջին գիշերվա սարսռազդու ապրումները խտացնող գրական-երաժշտական կոմպոզիցիային: Թերթ առ թերթ, իբրև հիշողության պատրանքներ, բացվեցին գրողի կյանքի դրամատիկ էջերը: Հնչեցին Համո Սահյանի, Քաջիկ Դորունցի, Ալբերտ Իսաջանյանի, Լևոն Սահակյանի՝ Բակունցին նվիրված բանաստեղծությունները, ինչպես նաև Չարենցի անզուգական քերթվածները՝ գրված 1935-1937 թվականների ընթացքում, երբ նա և ստալինյան մղձավանջով անցնող գրչընկերներն ապրում էին իրենց կյանքի «արյունալիճ կեսօրվա» վերջին պահերը:
Բակունցը՝ հայ գյուղերի վիշտն ու թախիծը, հայ մարդու խոնարհ ու տխուր կյանքի գեղագիրն ու օրհներգուն, մեծ կարոտների ու անդառնալի կորուստների լռակյաց խնկարկուն, տասնմեկ ամիս շարունակ նվաստացվեց ՆԳԺԿ-ի հետաքննիչների կողմից և, պայծառ հայացքը արդարությանը հառած, կանգնած իր իսկ ձեռքով փորած գերեզմանի եզրին, գնդակահարվեց, երբ դեռ նոր էր լրացել կյանքի 38 տարին: Մեծագույն գրողը, անբասիր քաղաքացին կործանվեց՝ չծախելով իր հոգին ու գրական խիղճը: Բակունցը բարոյական բարձր արժեք է, գրողի, քաղաքացու և հայի վսեմ նկարագիր:
1930-ական թվականների վերքերում ցավ կա դեռ, արյուն կա տաք, դեռ մխալու են սերունդների սրտերը, և ցավի հետ օրեցօր զորանալու է Բակունցի ու նրա գրական ընկերների երգի ձայնը…
«1937‐ի հուլիսյան այդ չարաղետ գիշերը դու քո անմեղության մեջ կորած փրկությունն էիր փնտրում: Իսկ այդ փրկության խարիսխը չկար: Չկար ու կարծես չէր էլ եղել: Նզովքի խարանը իր մականի տակ էր առել ամենքին ու ամեն ինչ: Ամայության մեջ լողում էր քո հայացքը, և լույսի պակասությունից ցավում էին էին քո աչքերը, Բակու’նց: Եվ ելք չկար…. Զով մի քամի շոյում էր լարվածությունից շիկացած քո ճակատը, բայց դու անշարժացել ու կարծես չէիր շնչում: Գաղջ օրերի ծույլ պտույտը, նռան պես ճաք տված ժամը, պահը, վայրկյանը: Եվ արդարությունը` երես թեքած: Լուսաբացին կյանքիդ գնով պետք է դեն շպրտեիր նզովքի խարանը…»:
«Երեկ, այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից դու մեզ հետ ես, մեր աչքերի մեջ ու մեր հայացքի առջև, քո տանն ես` իբրև հավերժական տանտեր և դարձյալ մեզ հետ գեղարվեստական խոսքի քո’ եղանակն է, քո խոսքի’ հրաշքը: Եվ այս փոթորկահույզ օրերին քո ոգու նշանի ներքո չկա’ նահանջ, չկա’ պարտություն, զի դու քո «հերոսական կենսուղին» անցար առանց ետ շրջվելու, քո ցեղի նահատակաց ու ողջերին քո գիրկն առած, նրանց խինդ ու լացը քո սրտի խորերում պահած… Դու քո կենդանի տաճարը կառուցեցիր գրով ու հավերժության համար, և որտեղ ոգեղեն հացը իրավամբ բաշխվում է ձրի՜, քանզի դրա համար դու հատուցել էիր կանխավ և հատուցել էիր կյանքով: Եվ սրբազան է հար տառապանքով ծնված Ճշմարտությունը քո` դարեդար և սերնդեսերունդ»…
Գրողի տարելիցի առթիվ հիշատակի խոսք ասացին Ռեդիկ Հայրապետյանը, բանաստեղծներ Լևոն Սահակյանը, Ապետնակ Գրիգորյանը, պատմաբան, արձակագիր Սերգեյ Հախվերդյանը և ուրիշներ:
Ինչ իրեն էր վիճակված, Ակսել Բակունցն արեց: Մեր սրբազան պարտքն է՝ բարձր պահել Բակունցի անունն ու հիշատակը, քանզի իր գործի հանդեպ շարունակական բերկրանքը, իբրև ընծա, նա տվել է գալիք սերունդներին:
Օրվա թեմատիկ շրջանակում ծրագրված բաց դասախոսությունը («Բակունցը 1920-1930-ական թվականների գրապայքարի բովում. վերաարժևորումներ» խորագրով, բանախոս Թ.Մարության) հետաձգվեց միջոցառման բովանդակային հագեցվածության պատճառով, այն տեղի կունենա հուլիսի 14-ին տուն-թանգարանում:

DSC_9009

DSC_9026

DSC_8920

DSC_8942

DSC_8972

DSC_8938DSC_8948

DSC_8902