ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հանրապետությունում գործող բարձրագույն  ուսումնական հաստատությունների համար ինստիտուցիոնալ հավատարմագրումը իրականացվում է ուսումնական հաստատության նախաձեռնությամբ և նրա կողմից ներկայացված դիմումի համաձայն:
Հավատարմագրման գործընթացը կազմակերպվում և համակարգվում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից:
Իր գործողություններում ՈԱԱԿ-ն առաջնորդվում է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978–Ն որոշմամբ հաստատված «ՀՀ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման» կարգով և 2011 թվականի հունիսի 30-ին հաստատված «ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները հաստատելու մասին» N 959– Ն որոշմամբ (www.anqa.am):
Պետական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը (ԳՊՀ) դիմել է ՈԱԱԿ` 2017թ. ապրիլին ներկայացնելով սահմանված ձևաչափի դիմում-հայտ, բուհի լիցենզիայի և դրա հավելվածների կրկնօրինակները:
ՈԱԱԿ-ի քարտուղարությունը, ուսումնասիրելով դիմում-հայտը, դրան կից փաստաթղթերը դիմում-հայտի ընդունման մասին, 2017թ. ապրիլի 10-ին որոշում է կայացրել, որից հետո ՈԱԱԿ-ի և ԳՊՀ-ի միջև կնքվել է երկկողմ պայմանագիր, կազմվել և հաստատվել է աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
Ըստ ՈԱԱԿ-ի կողմից սահմանված ձևաչափի` 2017թ. հուլիսին ԳՊՀ-ն  ներկայացրել է ինստիտուցիոնալ կարողությունների վերլուծությունը հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերի փաթեթը:
Բուհի ինքնավերլուծությունը իրականացրել է հատուկ այդ նպատակով  ԳՊՀ ռեկտորի 03 փետրվարի 2017թ. թիվ 59-Ա հրամանով ստեղծված «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 27 անդամներից (աշխատակիցներից) վերաձևավորված 10 հանձնաժողովը` համապատասխան 10 չափանիշի գծով:
Գործընթացն ու վերաձևավորված հանձնաժողովների աշխատանքները ղեկավարում է ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, համակարգում` ԳՊՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ.Գրիգորյանը:
Ուսումնասիրելով «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ  կարողությունների ինքնավերլուծության զեկույցը` փորձագիտական խումբը ԳՊՀ-ի համաձայնությամբ հաստատել է ԳՊՀ այցելությունների պլանը:
Նոյեմբերի 1-3-ը ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը այցելել է Գորիսի պետական համալսարան:
Եռօրյա այցի ընթացքում փորձագիտական խմբի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԳՊՀ ռեկտորի, պրոռեկտորի, ինքնավերլուծություն իրականացնող խմբի անդամների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ: Հանդիպումներին հաջորդեցին այցելություններ ֆակուլտետներ, ամբիոններ, ուսումնական և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, որտեղ ուսումնասիրվեցին փաստաթղթերը, համապատասխան ռեսուրսները:
Փորձագիտական խմբի ամենօրյա գործունեությունն ամփոփվում էր փակ քննարկումներով և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը եռօրյա ժամկետում իրականացրած ուսումնասիրություններն ամփոփելուց հետո դեկտեմբեր ամսվա սկզբին ԳՊՀ-ին է ներկայացրել ինստիտուցիոնալ հավատարմագրման նախնական զեկույցը:
Փորձագիտական խումբը, ծանոթանալով ԳՊՀ-ի գործունեությանը, առանձնացրել է բուհի ուժեղ և թույլ կողմերը, ներկայացրել բուհի բոլոր ստորաբաժանումների գործունեության դրական ուղղություններն ու դիտարկել առկա բացթողումները:
2018թ. տարեսկզբից ԳՊՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ.Գրիգորյանի ու ԿՈԱ և ՈՒԿԱ բաժնի ղեկավար Ս.Հայրապետյանի անմիջական մասնակցությամբ արդեն ձևավորված ԳՊՀ-ի 10 հանձնաժողովի ներկայացուցիչների հետ պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ, որոնց ընթացքում համապատասխան քննարկումների արդյունքում մշակվում է ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում վեր հանված թերությունների վերացման գործողությունների ծրագիրը` ըստ սահմանված ձևաչափի, որը մինչև ս.թ. փետրվարի 9-ը կներկայացվի ՈԱԱԿ-ին:
Փետրվար ամսվա ընթացքում կկատարվի թերությունների վերացման ԳՊՀ-ի ծրագրի գնահատում, որի հիման վրա ՈԱԱԿ-ը կկազմի եզրակացություն, իսկ արդեն մարտ ամսին կունենանք ԳՊՀ-ի հավատարմագրման մասին ՈԱԱԿ-ի կայացրած որոշումը:

ԳՊՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

                                                                                                                                                ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԲԱԺԻՆ

Facebook Comments