ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ 2 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ

Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը Հայաստանումում իրականացնում է պետության  կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման  ազգային կենտրոն» հիմնադրամը:

Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել  ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կըրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը: Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումն ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:

Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում  իրականացվում է պետական հավատարմագրման հետևյալ երկու  գործընթացներով.

  1. ինստիտուցիոնալ հավատարմագրում,
  2. մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրում:

Ինստիտուցիոնալ հավատարմագրում: Այն պետության կողմից  ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման  գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի` օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է ՀՀ տարածքում գործող բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը թույլ է տալիս գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև տեսնել, թե արդյոք հաստատությունն իրականացնում է իր առաքելությունը, հետապնդում է շարունակական բարելավման քաղաքականություն և նպաստում է իրականացվող կրթական ծրագրերի զարգացմանը:

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային  հավատարմագրման համար:

Մասնագիտության կրթական ծրագրի (Ծրագրային) հավատարմագրում: Ծրագրային հավատարմագրումը պետության կողմից  մասնագիտության կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին և ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Ծրագրային հավատարմագրման թիրախն առանձին  մասնագիտության կրթական ծրագիրն է: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատել մասնագիտության կրթական ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև ստուգել, թե արդյոք այն ապահովում է ուսանողների կողմից ուսումնառության արդյունքների ձեռքբերումն ակնկալվող ամբողջ ծավալով: Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է ՄՈՒՀ-ի նախաձեռնությամբ, կամավորության սկզբունքով, բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի, որոնք պարտադիր պետք է անցնեն ծրագրային հավատարմագրում:

Հավատարմագրման գործընթացների արդյունքում ուսումնական հաստատությանը կամ մասնագիտության կրթական ծրագրին տրվում է հավատարմագրվածի կարգավիճակ՝ որոշակի վավերականության ժամկետով:

Հավատարմագրման գործընթացը ներառում է 3 փուլ`

ա. ինքնավերլուծություն` հաստատության կամ կրթական ծրագրի ինքնավերլուծության գործընթաց, որի արդյունքնում պատրաստվում է զեկույց` հիմնված ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշների վրա,

բ. փորձաքննություն` անկախ փորձագետների խմբի կողմից ինքնավերլուծության և կից ներկայացված հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրություն և այց ուսումնական հաստատություն: Այցի ժամանակ տեղի են ունենում հանդիպումներ վարչական, պրոֆեսորադասախոսական համակազմի, ուսանողության ներկայացուցիչների, շրջանավարտների, գործատուների հետ` արդյունքում պատրաստվում է փորձագիտական զեկույց, որը ներառում է գնահատական, ինչպես նաև խորհրդատվություններ բարելավման վերաբերյալ,

գ. որոշման կայացում` հավատարմագրման հանձնաժողովի կողմից փաստերի ուսումնասիրություն, որոշման կայացում և առաջնահերթ  լուծում պահանջող խնդիրների մատնանշում:

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Դիմում պետական հավատարմագրման համար

  Պետական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար ԳՊՀ-ն 31.03.2017թ.-ին դիմել է ՈԱԱԿ` ներկայացնելով սահմանված ձևաչափի դիմում-հայտ, լիցենզիայի և դրա հավելվածների կրկնօրինակները:

   ՈԱԱԿ-ի քարտուղարությունն ուսումնասիրել է դիմում-հայտում ներկայացված տվյալները, կից փաստաթղթերը և հաստատության կողմից լրացված ՈԱԱԿ-ի էլեկտրոնային հարցաշարը:

Դիմում-հայտի ընդուման մասին որոշումը կայացվել է 10.04.2017թ.-ին, որից հետո ՈԱԱԿ-ի և ՄՈւՀ-ի միջև կնքվել է երկկողմ պայմանագիր: Կազմվել և հաստատվել է աշխատանքների իրականացման ժամանակացույց:

Հաստատությունն, ըստ ՈԱԱԿ-ի կողմից սահմանած ձևաչափի, 18.07.2017թ.-ին ներկայացրել է ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը հայերեն և անգլերեն լեզուներով և ուղեկցող փաստաթղթերի փաթեթը:

Համալսարանի ինքնավերլուծությունն իրականացրել է հատուկ այդ նպատակով ՄՈՒՀ-ի ռեկտորի հրամանով ձևավորված խումբը։

 Նախապատրաստական փուլ

ՈԱԱԿ-ի համակարգողն ուսումնասիրել է զեկույցը` տեխնիկական առումով ՈԱԱԿ-ի պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով: Ինքնավերլուծության զեկույցի անգլերեն և հայերեն տարբերակները և ուղեկցող փաստաթղթերի փաթեթը ՈԱԱԿ-ի կողմից ընդունվել են 31.07.2017թ.-ին` հավատարմագրման գործընթացի համակարգողի դրական կարծիքը ստանալուց հետո:

Ինքնավերլուծության զեկույցը նախնական գնահատման համար տրամադրվել է փորձագիտական խմբին, որի կազմը նախօրոք համաձայնեցվել է համալսարանի ռեկտորի հետ և հաստատվել ՈԱԱԿ-ի տնօրենի հրամանով:

Փորձագիտական խմբին` աշխատանքներին նախապատրաստելու և գործընթացների արդյունավետությունն ապահովելու նպատակով պատասխանատուների (Լ. Զաքարյան, Ա. Մակարյան) կողմից իրականացվել են վերապատրաստումներ հետևյալ թեմաներով.

  1. փորձագիտական խմբի անդամների հիմնական գործառույթները,
  2. նախնական գնահատումը որպես փորձագիտական զեկույցի նախապատրաստման փուլ, զեկույցին ներկայացվող հիմնական պահանջները,
  3. փաստաթղթերի և ռեսուրսների ուսումնասիրության մեթոդաբանությունը,
  4. հանդիպումների անցկացման և հարցապնդումների էթիկան և տեխնիկան:

Փորձագիտական խումբն, ուսումնասիրելով ինստիտուտի ինքնա­վերլուծությունը և ուղեկցող փաստաթղթերի փաթեթն, իրականացրել է նախնական գնահատում 22.09.2017թ.-30.10.2017թ. ընկած ժամանակահատվածում: Ըստ ձևաչափի` պատրաստվել է լրացուցիչ ուսումնասիրման ենթակա անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև պարզաբանման ենթակա խնդիրների և հարցերի ցանկը՝ նշելով համապատասխան ստորաբաժանումները և  թիրախային խմբերը:

Նախատեսված ժամկետներում փորձագիտական խումբն ամփոփել է նախնական գնահատման արդյունքները, և գործընթացի համակարգողը փորձագիտական խմբի ղեկավարի հետ կազմել է փորձագիտական այցի ժամանակացույցը[1]: Առաջնորդվելով ՈԱԱԿ-ի Փորձաքննության իրականացման ձեռնարկով` ժամանակացույցում ներառվել են փորձագետների կողմից նախատեսվող հանդիպումները բոլոր խմբերի հետ, բաց և փակ հանդիպումներ, փաստաթղթերի ուսումնասիրություն, այցելություններ հաստատության ստորաբաժանումներ և այլն:

Նախապատրաստական այց

Գորիսի պետական համալսարանի աշխարհագրական դիրքի պատճառով 2017 թվականի հոկտեմբերի 23-ին նախնական այցը տեղի ունեցավ առցանց եղանակով: Նշյալ հանդիպմանը ՈԱԱԿ-ի կողմից մասնակցում էին գործընթացի համակարգողը և Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավարը, իսկ համալսարանի կողմից`բուհի ռեկտորն, ինքնավերլուծության խմբի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև կոնտակտային անձը:  Հանդիպման արդյունքում հստակեցվեց այցի ժամանակացույցը: Պայամավորվածություն ձեռք բերվեց փորձագիտական խմբին տրամադրվող սենյակի, հանդիպումների դահլիճի վերաբերյալ, հստակեցվեցին դրանց կահավորման ու տեխնիկական միջոցներով հագեցման խնդիրները:

Քննարկվեցին և փոխհամաձայնեցված որոշումներ կայացվեցին փորձագիտական այցի կազմակերպչական, տեխնիկական, տեղեկատվական  հարցերի, ինչպես նաև հանդիպումների մասնակիցների վարքագծի և էթիկայի  նորմերի վերաբերյալ:

Առցանց հանդիպումից հետո համալսարանին ներկայացվել է ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը:

 

Փորձագիտական այց

  Ժամանակացույցով նախատեսված այցին նախորդող օրը փորձագիտական խմբի բոլոր անդամները (ներառյալ միջազգային փորձագետը) և համակարգողը հանդիպել են Գորիսում: Հանդիպման ընթացքում փորձագիտական խումբը համաձայնեցրել է փորձագիտական գնահատման շրջանակը, չափանիշների գնահատման սանդղակը, որն ըստ ՈԱԱԿ-ի ընթացակարգերի` ներառում է երկու մակարդակ` 1) բավարարում/համապատասխանում է չափանիշի պահանջներին, 2) չի բավարարում/համապատասխանում չափանիշի պահանջներին: Վերջնականացվել են այցի ընթացքում ուսումնասիրման ենթակա խնդիրները, ՄՈՒՀ-ի ուժեղ և թույլ կողմերն ըստ չափանիշների, ֆոկուս խմբային հանդիպումների ընթացակարգը, հանդիպումների վարման էթիկան, հստակեցվել են հետագա քայլերը:

  Փորձագիտական այցը տեղի է ունեցել 2017թ.-ի նոյեմբերի 01-ից 03-ն ընկած ժամանակահատվածում: Փորձագիտական այցը մեկնարկել և ավարտվել է համալսարանի ռեկտորի հետ հանդիպմամբ: Հարցերի պարզաբանման նպատակով կազմակերպված ֆոկուս  խմբային հանդիպումների դասախոս և ուսանող մասնակիցները, դեկաններն, ամբիոնի վարիչները, գործատուներն ու շրջանավարտներն ընտրվել են պատահականության սկզբունքով նախօրոք տրամադրված ցանկից: Իրականացվել են ըստ ժամանակացույցի նախատեսված բոլոր հանդիպումները: 03.11.2017թ.-ի ժամանկացույցով նախատեսված մագիստրատուրայի ուսանողների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամը`բուհի կոնտակտային անձի հետ նախապես ձեռքբերված համաձայնությամբ տեղափոխվել է`կապված փորձագիտական խմբի կողմից դասալսումներ իրականացնելու ցանկության հետ: Այցի ընթացքում փորձագիտական խումբը փաստաթղթերի ուսումնասիրություն,  ռեսուրսների դիտարկում և ֆոկուս խմբային հանդիպումներ է իրականացրել համալսարանի տարբեր ստորաբաժանումներում:  Փորձագիտական խումբը բարձր է գնահատել հանդիպման մասնակիցների հետ բաց քննարկումները:

Տարբեր հանդիպումների ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունն, ինչպես նաև փաստաթղթերի ուսումնասիրության և դիտարկումների հիմնական արդյունքներն ամփոփվել են ամեն օրվա վերջում և այցի ավարտին կազմակերպված ամփոփիչ հանդիպման ժամանակ: Փորձագիտական խումբը քննարկել է հիմնական արդյունքները և եկել ընդհանուր համաձայնության նախ հավատարմագրման առանձին չափորոշիչների, հետո նաև չափանիշների պահանջների բավարարման վերաբերյալ: Չափանիշների բավարարման վերաբերյալ վերջնական եզրակացությունները ձեռք են բերվել խմբի բոլոր անդամների կողմից բաց քննարկման միջոցով` կիրառելով կոնսենսուսի սկզբունքը:

Փորձագիտական զեկույց

Փորձագիտական այցից հետո փորձագիտական խումբը` պարբերաբար կազմակերպվող քննարկումների արդյունքում պատրաստել է հավատարմագրման զեկույցի նախնական տարբերակը, որը կազմելիս հիմնվել է ԳՊՀ-ի ինքնավերլուծության նախնական գնահատման և փորձագիտական այցի դիտարկումների վրա: Փորձագիտական խմբի յուրաքանչյուր անդամ իր ներդրումն է ունեցել զեկույցի պատրաստման աշխատանքներում, ինչպես նաև արձագանքել է ամբողջական տարբերակին: Միջազգային փորձագետը պատրաստել է իր եզրակացությունը և գործընկերային գնահատման առանձին կարծիքը: Հիշյալ փաստաթղթերը թարգմանվել և տրամադրվել են փորձագիտական խմբին: Միջազգային փորձագետի մոտեցումներն ամփոփվել են զեկույցում, իսկ գործընկերային գնահատումն ամբողջությամբ է ներառվել զեկույցի տեքստում:

Որոշման կայացում

Ապրիլի 12-ին տեղի է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստը: Գորիսի պետական համալսարանում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ներկայացուցիչ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի  ուժեղ և թույլ կողմերը: Հավատարմագրման հանձնաժողովը հարցեր ուղղեց բուհի և փորձագիտական խմբի ներկայացուցիչներին:

Այնուհետև տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն: Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Գորիսի պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով (Նյութի աղբյուրը` anqa.am):

                                                                 ԳՊՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՈՒԿԱ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ    Ս. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

licenzia