ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի’ համալսարանականներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Խելացի, ուսումնատենչ սերունդն ազգապահպանության, հզոր հայրենիք ունենալու նախապայմաններից է: Յուրաքանչյուր մանկավարժի, գիտնականի համար հայրենասիրությունից հայրենաշինություն տանող ամենակարճ ճանապարհը գիտելիքն ու կրթությունն է:
Սիրելի’ ուսանողներ, առաջի’ն կուրսեցիներ, դուք եք օրվա խորհրդի ամենավառ կրողները, մաղթում եմ բոլորիդ ուժ, եռանդ, նախանձախնդրություն, իմաստություն ձեր ընտրած մասնագիտության մեջ կայանալու ճանապարհին: Ուսումնառության ամբողջ ընթացքը թող ձեզ համար բովանդակալից ու բարեբեր լինի` ի շահ կեսդարյա պատմություն ունեցող մեր  բուհի ու մեր հայրենիքի:
Հարգելի’ գործընկերներ, Գորիսի պետական համալսարանի համար նախընթաց ուսումնական տարին արդյունավորվեց կրթական համակարգի բարեփոխումներով, նոր մասնագիտությունների ներդրումով, տարատեսակ հոբելյանական միջոցառումների իրագործմամբ, միջազգային ծրագրերին ակտիվ մասնակացությամբ, ուստի ցանկանում եմ, որ նոր ուսումնական տարին ևս սկսենք խանդավառությամբ, մասնագիտական պատասխանատվությամբ, որակյալ կադրեր թողարկելու բարձր պատրաստականությամբ:

Facebook Comments