Միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման բաժին

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Գորիսի պետական համալսարանի ուսանողների կարիերայի աջակցման կենտրոնը հանդիսանում է համալսարանի Միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման բաժնի կառուցվածքային միավոր, որի հիմնական նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը: Կարիերայի կենտրոնի հիմնական գործառույթներն են՝
• ԳՊՀ ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու վերլուծությունը, համապատասխան ծրագրերի կազմումն ու ներկայացումը համալսարանի ռեկտորատին,
• սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների, գիտաժողովների, վերապատրաստման դասընթացների միջոցով մասնագիտական կողմնորոշման և այլ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական միջոցառումների կազմակերպումը,
• աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերի հայտարարությունների և մրցույթների մասին ԳՊՀ ուսանողներին և շրջանավարտներին տեղեկատվության տրամադրումը, համապատասխան գրականության բազայի ստեղծումը և վարումը, տեղեկատվական նյութերի տպագրությունը,
• զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ կապերի ստեղծումը և համագործակցության խթանումը,
• ուսանողների պրակտիկայի, կամավոր աշխատանքի, վերապատրաստման և նման այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների, ծրագրերի մշակումը և իրականացումը,
• տարաբնույթ ցուցահանդեսների (մասնավորապես՝ «աշխատանքի տոնավաճառ, «կարիերայի օր և այլն), շնորհանդեսների, գործատուների հետ հանդիպումների, տարբեր կազմակերպություններ ճանաչողական այցելությունների և այլ միջոցառումների կազմակերպումը,
• պոտենցիալ գործատուների հետ համաձայնագրերի և հուշագրերի կնքումը, դրանց իրականացման ապահովումը,
• շրջանավարտների և ուսանողների շրջանում սոցիոլոգիական հարցումների, աշխատանք առաջարկող պետական, մասնավոր, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից առաջնային համարվող պահանջների, աշխատաշուկայում համալսարանականների պահանջի և զբաղվածության հետ առնչվող այլ հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների կազմակերպումը, դրանց վերաբերյալ համապատասխան զեկույցների և առաջարկությունների ներկայացումը,
• ՀՀ և արտերկրի այլ բուհերի նմանօրինակ ստորաբաժանումների հետ համագործակցության ստեղծումը և փորձի փոխանակումը, ինչպես նաև ԳՊՀ կանոնադրությունից բխող այլ գործառույթների իրականացումը:
Կարիերայի կենտրոնը իր առջև դրած խնդիրների լուծման, իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցում է համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև արտահամալսարանական տարբեր կազմակերպությունների հետ (այդ թվում՝ հասարակական, միջազգային, առևտրային և այլն):