Կառուցվածք

ԳՊՀ-ի ռազմավարական ծրագրում որպես կառավարման և վարչարարության ռազմավարական նպատակ ամրագրված է արդյունավետ գործունեություն ծավալող, անհրաժեշտ մարդկային, նյութական ու ֆինասական ռեսուրսներով ապահովված կառավարման համակարգի ստեղծումն ու զարգացումը` հստակեցնելով ու համակարգելով կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների գործառույթների բաշխվածության հստակեցմամբ ու համակարգմամբ, վերջիններիս արդյունավետ փոխգործակցության ապահովմամբ, համալսարանի գործունեության վրա ազդող արտաքին գործոնների պարբերաբար ուսումնասիրմամբ ու վերլուծությամբ` ներառյալ վիճակագրական և այլ տվյալներ, ուսումնասիրության չափելի գործիքների կիրառմամբ, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում արտաքին ու ներքին շահակիցների ներգրավման մեխանիզմների բարելավմամբ:
ԳՊՀ կառավարումն իրականացվում է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներով և ԳՊՀ կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա՝ միանձնյա և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ: Համալսարանի իրավասությունն է ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքով ինքնավարության իրականացումը:
Կառավարման մարմինների որոշումների կայացմանը վերաբերող հարցերը և իրավասությունների շրջանակը սահմանված է ԳՊՀ կանոնադրությամբ և յուրաքանչյուր մարմնի կանոնակարգով, աշխատակարգով:
ԳՊՀ խորհուրդը համալսարանի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորության ժամկետը 5 տարի է: ԳՊՀ խորհուրդը քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն, ԳՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը, լսում ու գնահատում է ԳՊՀ տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը, ընտրում է ԳՊՀ ռեկտորին (ԳՊՀ խորհրդի կանոնակարգ):
Գիտական խորհուրդը համալսարանի ռեկտորի նախագահությամբ գործող կառավարման մարմին է, որը լուծում է բուհի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման ու կառավարման հիմնահարցերը: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի անդամների 25 %-ը սովորողներն են: ԳԽ-ին առընթեր գործում են հանձնաժողովներ, որոնց գործունեությունը կարգավորվում է ԳՊՀ կանոնադրությամբ և ԳԽ կանոնակարգով:
ԳՊՀ ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ԳՊՀ խորհրդի և ԳՊՀ գիտխորհրդի միջև ընկած ժամանակահատվածում սահմանված կանոնակարգով ( ԳՊՀ ռեկտորատի կանոնակարգ), իրեն տրված լիազորությունների շրջանակներում քննարկում է համապատասխան ոլորտներին վերաբերող հարցերը, ԳՊՀ խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը:
ԳՊՀ ուսանողական խորհուրդը ուսանողական ինքնակառավարման մարմին է և իր ներկայացուցիչներն ունի ԳՊՀ խորհրդում, գիտական խորհրդում և ռեկտորատում: Ուսանողական խորհուրդի լիազորությունները սահմանված են համալսարանի կանոնադրությամբ և ուսխորհրդի կանոնակարգով:
ԳՊՀ 2019-2023թ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքում վերանայվել է համալսարանի կազմակերպչական կառուցվածքը՝ ապահովելու համար ռազմավարական նպատակների ու կառավարման համակարգի համահունչությունը: Վերափոխվել կամ ստեղծվել են կառուցվածքային նոր ստորաբաժանումներ: Հստակեցվել ու համակարգվել են կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների գործառույթների բաշխվածությունը և վերջիններիս արդյունավետ փոխգործակցությունը(հորիզոնական կապերը):
Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, գիտական կենտրոնը, լաբորատորիաները: ԳՊՀ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները կառավարման մարմինների գլխավորությամբ կազմում են միասնական համակարգ՝ կառուցված կենտրոնացման և մասնակցականության սկզբունքներով:
Բուհի առաքելության արդյունավետ իրականացումը կապվում է ՌԾ պլանավորումների վերջնարդյունքների իրականացման հետ: ԳՊՀ ՌԾ-ի գործողությունները պլանավորվում են տարեկան կտրվածքով, սակայն դրանք բխում են հնգամյա ռազմավարական ծրագրից: Գործողությունների չափելիությունը և նպատակայնությունը վերլուծվում է տարեկան հաշվետվությունների միջոցով: Հետևաբար կառավարումն իրականացվում է ԳՊՀ առաքելությանը համապատասխան, իսկ գործողությունները՝ ըստ ռազմավարական ծրագրի:

ԳՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ