Գիտական խորհուրդ

Գիտական խորհուրդը ԳՊՀ կառավարման մարմին է, որը լուծում է բուհի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:

ԳՊՀ գիտական խորհուրդը հաստատում է իր կանոնակարգը, ռեկտորի ներկայացմամբ՝ որոշում է ստեղծել, վերակազմակերպել, լուծարել ֆակուլտետներ, գիտահետազոտական կենտրոններ, ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների սահմանում է վճարաչափերը, քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ԳՊՀ-ում կատարվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին, գիտական և ուսումնամեթոդական աշխատանքները երաշխավորում հրատարակման, ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու մասին որոշումներ, հաստատում է ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը, շնորհում է գիտական կոչումներ, հաստատում է գիտամանկավարժական և վարչական համակազմի պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները, լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ բուհի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում՝ նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ, առաջարկություններ է ներկայացնում ռեկտորին ԳՊՀ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ, քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական և մշակութային կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ, ըստ անհրաժեշտության ընդունում է հայտարարություններ, իրականացնում է ՀՀ օրենսդրությունից և ԳՊՀ կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

Գիտական խորհուրդը կազմված է 28 անդամներից՝ ի պաշտոնե և ընտրովի: Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ի պաշտոնե ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորը, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), գլխավոր հաշվապահը, արհեստակցական կազմակերպության նախագահը, ֆակուլտետների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան:

Գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը, իսկ ընտրությունն իրականացնում է ԳՊՀ ուսանողական խորհուրդը:

Գիտական խորհրդի կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով՝ հինգ տարի ժամկետով:

Գիտական խորհուրդն իր լիազորություններն իրականացնում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Հերթական նիստերը հրավիրվում են տարեկան առնվազն ութ անգամ, իսկ արտահերթ նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

Գիտական խորհրդի որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդն այդ որոշման ընդունման համար քվեարկության այլ կարգ չի սահմանել: Պաշտոնների զբաղեցման, գիտամանկավարժական պաշտոնների տեղակալման և գիտական կոչումների ներկայացման, ամբիոնի վարիչի ընտրության ու այլ մրցույթները կատարվում են փակ, գաղտնի քվեարկությամբ:

Գիտական խորհուրդն ունի երեք մշտական հանձնաժողովներ (Կանոնադրական և կառուցվածքային փոփոխությունների համակարգման հանձնաժողով, Մրցութային, ուսումնամեթոդական և գիտական հարցերի հանձնաժողով, Միջազգային համագործակցության, կրթական ծրագրերի և կրթության որակի հանձնաժողով): Հանձնաժողովների խնդիրն է իրենց կանոնակարգման ոլորտի հարցերի ուսումնասիրումը, նախապատրաստումը և դրանց վերաբերյալ գիտական խորհրդին առաջարկության ներկայացումը:

Հավելված